Վրաստանի նախագահի նստավայրում «Օրբելիանի» պալատում այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Սալոմե Զուրաբիշիլին հյուրընկալել է «Մեր ձայնը հանուն Եվրոպայի» ստորագրահավաքին միացած էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Ստորագրությունների արշավը մեկնարկել է նոյեմբերի 8-ին Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ և ներառում է կոչ Եվրամիության առաջնորդներին՝ Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու խնդրանքով։
Իր ելույթում նախագահն ընդգծեց Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կարևորության, քաղաքական հարցերում նրանց ակտիվության, ինչպես նաև միասնականության մասին:
«Ուրախ եմ, որ եկել եք այստեղ։ Կարծում եմ, շատ կարևոր է, որ «Մեր ձայնը հանուն Եվրոպայի» արշավը (որը կավարտվի մինչև դեկտեմբերի 15-ը) ամբողջական քարոզարշավ է, որը ներառում է Վրաստանի բոլոր քաղաքացիներին, քանի որ Եվրոպան քաղաքացիություն է։ Քաղաքացին ազգություն չունի, ավելի շուտ՝ իր էթնիկական ծագմամբ, իր կրոնական համոզմունքներով, իր արմատներով է կատարյալ քաղաքացի, իսկ եվրոպական տիպի պետությունում բոլորը պետք է ունենան հաջողության հասնելու և լիարժեք գոյատևելու հնարավորություն», – նշեց Զուրաբիշվիլին:
Արարողության ընթացքում հնչեցին ողջույնի խոսքեր, ներկայացվեցին Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների մշակույթը երգի և պարի միջոցով: Հայկական կողմից հնչեց գուսան Շերամի և Սայաթ-Նովայի գործերից՝ դուդուկի մեղեդու ներքո:
Իր խոսքում Զուրաբիշվիլին անդրադարձ կատարեց նաև 35 տարի առաջ այս օրը Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժին և նշեց, որ Սպիտակում կատարված աղետի ցավը ոչ միայն հայերինն է, այլ վրաց ժողովուրդը նույնպես ցավում է այդ կորստի համար: