Վերջին շրջանում Վրաստանում հայտնի է դարձել վաղ ամուսնությունների բազմաթիվ դեպքերի մասին, որոնցից մի քանիսն ավարտվել են նույնիսկ սպանությամբ։ Վրացական հասարակության մեջ կարծիք կա, որ վաղաժամ ամուսնությունները սովորական երևույթ են ազգային փոքրամասնությունների շրջանում։ Jnews-ը որոշեց հետաքրքրվել՝ արդյո՞ք ախալքալաքցի հայուհիները շուտ են ամուսնանում և ինչպիսի՞ն է վաղ ամուսնությունների հետ կապված վիճակագրությունն այստեղ։
Ախալքալաքում 15-20 տարի առաջ տարածված էին վաղ ամուսնությունները, «աղջիկ փախցնելը», դա սովորական բան էր։ Փոքր գյուղերում անհնար էր գտնել 13 տարեկանից բարձր չամուսնացած աղջիկների։ Սակայն աստիճանաբար իրավիճակը փոխվեց, իհարկե, ոչ առանց օրենսդրության միջամտության, որը խստացավ նման զանցանքի նկատմամբ։ Այժմ նման դեպքերը հազվադեպ են և դրանց մասին հիմնականում հայտնի են դառնում դրնացից հետո։ Անչափահասների առևանգումն ու ամուսնությունը հիմնականում տեղի են ունենում հեռավոր գյուղերում, երբ կողմերը վստահ են, որ փաստը չի ստանա հրապարակային արձագանք։
Չնայած այն դրական փոփոխություններին, որոնց մասին խոսում են բազմաթիվ փաստեր և այս հարցով աշխատող մարդիկ, Ախալքալաքի հիվանդանոցից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականին գրանցվել է 16-17 տարեկան հղի 4 դեռահաս։ Նրանք բոլորը գյուղի բնակիչներ էին։ Ըստ բժիշկների՝ վաղ ծննդաբերությունները ցածր վիճակագրություն են կազմում:
Ախալքալաքի բնակիչները հիմնականում դեմ են վաղ ամուսնություններին, քաղաքում նման դեպքերը համարվում են սկանդալային, քննարկվում ու դատապարտվում են հասարակության կողմից։ Այս ամռանը նման մի դեպք է տեղի ունեցել: Աղջկա ծնողները դեմ են եղել, օրենքը չի արգելել։
«Աղջիկս 18 տարեկան էր, երբ նրան փախցրեցին, մենք, իհարկե, դեմ էինք նրա ամուսնությանը, քանի որ կարծում էինք, որ դեռ շուտ է: Մենք կցանկանայինք, որ նա կրթություն ստանար, սակայն այս դեպքում օրենքը փախցնողի կողմն էր, քանի որ դուստրս աջակցում էր նրա հետ ամուսնանալու որոշմանը: Մենք կտրականապես դեմ էինք, բայց քանի որ նա արդեն չափահաս էր դարձել, ոչինչ չկարողացանք անել»,- ասում է Ախալքալաքի բնակիչներից մեկը։
Երիտասարդների հետ աշխատող հասարակական կազմակերպությունները նույնպես նշում են, որ իրավիճակը մեծապես փոխվել է դեպի լավը։ Փորձագետները կարծում են, որ իրավիճակը հնարավոր է դարձել փոխել մի քանի գործոններով։
Շորենա Թեթվաձեն Ախալքալաքի Մեծահասակների կրթության կենտրոնի տնօրենն է, որն ինտենսիվ աշխատում է երիտասարդների հետ։ Նրա կարծիքով՝ այս ուղղությամբ ինտենսիվ աշխատում են նաև դպրոցներում ուսուցիչները, սակայն հասարակությունը նույնպես փոխվում է՝ ենթարկվելով գլոբալացմանը։
«Կարծրատիպերը կոտրվում են, եթե նախկինում կար հասկացություն, որ աղջիկը պետք է ամուսնանա «ժամանակին», որ ընտանիքն առաջնային է աղջիկների համար և այլն, հիմա բոլորը հասկացել են, որ կրթությունն առաջին տեղում է։ Պարտադիր չէ, որ բարձրագույն կրթություն ունենան, այլ կարող է զբաղվել ինչ-որ արհեստով, և յուրաքանչյուր մարդ պետք է ունենա իր եկամուտը, որպեսզի ինքնուրույն լինի և ապահովի իր ապրուստը։ Շատերն ամուսնացնում էին՝ ելնելով տնտեսական վիճակից։ Հիմա դա այլևս այդպես չէ։ Սուղ ֆինանսական միջոցներ ունեցող ընտանիքները ձգտում են իրենց երեխաներին կրթություն տան»,- ասում է նա։
Նրա կարծիքով, այս հարցում ևս մեկ խթան է դարձել ոչ ֆորմալ կրթությունը։
«Ոչ ֆորմալ կրթությունն ընդլայնում է երեխաների մտահորիզոնը, նրանք դուրս են գալիս, տեսնում, թե ինչպես են աշխատում, ապրում այլ վայրերում, ինչով են զբաղվում, հասկանում են, թե ինչպես պետք է լավ ապրել: Հաճախ ոչ ֆորմալ կրթություն չստացած մարդիկ չեն հասկանում թրեյնինգների կարևորությունը։ Թրեյնինգներ, հանդիպումներ, քննարկումներ, անկեղծ զրույցներ. այս ամենն օգնում է, անմիջապես փոխվում ես, նույնիսկ եթե ինչ-որ հարցում բարդույթներ ունես, կարող ես հաղթահարել»,- ասում է Շորենան։
Չնայած փոփոխություններին դեպի լավը՝ հղիների վիճակագրությունը դեռ առիթ է տալիս մտածելու, որ խնդիրը դեռ ամբողջությամբ լուծված չէ։ Անչափահասների հղիությունների առանձին դեպքերը վկայում են այն մասին, որ Ախալքալաքում կան վայրեր, որտեղ տղամարդիկ աղջիկ են «փախցնում», իսկ աղջիկների ծնողները համաձայնում են դրան։ Կամ անչափահասի ամուսնությունը, որը դեռ չի կարող ինքնուրույն որոշել, տեղի է ունենում փեսայի և աղջկա ծնողների փոխադարձ համաձայնությամբ: