նորություններ 29 Մայիսի, 2026 • Ախալքալաքը մեծ հույսեր է կապում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու լիարժեք գործարկման հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի Ադրբեջան այցից հետո հայտարարվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու լիարժեք շահագործման հանձնման մասին: Ջավախքի բիզնեսի ներկայացուցիչներն ու փորձագետները հույս ունեն, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու լիարժեք գործարկմամբ «Ախալքալաք» կայարանը կկարողանա ընդունել և ուղարկել բեռներ, ինչը կարող է զգալի խթան հանդիսանալ շրջանի տնտեսական զարգացման համար:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին միջազգային ենթակառուցվածքային նախագիծ է, որն անցնում է Ջավախքով: Գլխավոր երկաթուղային կայարանը գտնվում է Ախալքալաքում: Այս երթուղին Եվրոպան և Ասիան կապող տրանսպորտային միջանցքի մի մասն է:

Երկաթուղու կառուցմամբ, Ջավախքը, ենթադրվում էր, որ կդառնա տնտեսապես խոստումնալից շրջան ինչպես միջին, այնպես էլ խոշոր բիզնեսի համար: Կանխատեսվում էր, որ ներմուծման-արտահանման բիզնեսը կդառնա ավելի շահութաբեր, և կհայտնվեն նոր ծառայություններ, աշխատատեղեր, հյուրանոցներ, սրճարաններ, պահեստներ և լոգիստիկ ընկերություններ: Տարածաշրջանը կկարողանա վերականգնել իր պատմական գործառույթը ՝ որպես առևտրային կենտրոն: Ախալքալաքը հույս ուներ, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ավարտից հետո տեղական բիզնեսը կկարողանա ապրանքներ ստանալ և առաքել անմիջապես «Ախալքալաք» կայարանից:

ԲԹԿ-ի շինարարությունը պաշտոնապես ավարտվել է 2017 թվականին, բայց իրականում շինարարությունը շարունակվել է, և երկաթուղին աշխատում է փորձնական ռեժիմով, ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ և մնում է տնտեսապես անշահավետ։

Չնայած ԲԹԿ-ի ութ տարի շահագործմանը, շրջանում դեռևս էական տնտեսական փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Տեղի բնակիչների և ձեռնարկատերերի սպասումներն «Ախալքալաք» կայարանում ապրանքներ բեռնելու և բեռնաթափելու հնարավորության վերաբերյալ նույնպես չեն արդարացվել։

Իրակլի Կոբախիձեի Ադրբեջան այցից հետո որոշում կայացվեց ԲԹԿ-ն գործարկել լրիվ հզորությամբ։ Ախալքալաքում միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հույս ունեն, որ երկաթուղու լիարժեք գործարկումից հետո ընկերությունը, վերջապես, թույլ կտա բեռներ ուղարկել և ստանալ «Ախալքալաք» կայարանից։

«Իհարկե, սա լավ կլինի բիզնեսի, բնակչության և ամբողջ մարզի համար։ Մարզը կսկսի զարգանալ, և կհայտնվեն նոր ենթակառուցվածքներ։ Ապրանքները կարող են ավելի էժանանալ, քանի որ մենք ներկայումս դրանք հիմնականում ներմուծում ենք Բաթումիից։ Ավելին, խոշոր քաղաքների ծանրաբեռնվածությունը կնվազի։ Տրանսպորտավորումը միշտ ազդում է ապրանքների արժեքի վրա», — ասում է բիզնեսի ներկայացուցիչներից մեկը։

Մեկ այլ ձեռնարկատեր նշում է, որ «Ախալքալաք» կայարանում բեռնաթափելու հնարավորությունը մեծ առավելություն կլինի տեղական բիզնեսի համար։

«Մենք ապրանքներ ենք ներմուծում տարբեր երկրներից։ Այժմ դրանք հիմնականում տեղափոխում ենք բեռնատարներով, քանի որ նույնիսկ եթե բեռը հասնում է երկաթուղով, մենք դեռ պետք է այն Թբիլիսիից տեղափոխենք բեռնատարով։ Եթե մենք ունենայինք Ախալքալաքում ապրանքը բեռնաթափելու հնարավորություն, կօգտագործեինք երկաթուղին, քանի որ դա ավելի էժան է, քան բեռնատար մեքենաներով տեղափոխելը», — ասում է ձեռնարկատերը։

Ընդ որում, «Ախալքալաք» կայարանում լիարժեք բեռնափոխադրման կենտրոն բացելու համար պահանջվում է համապատասխան ենթակառուցվածքներ։

BTK

«Մեզ անհրաժեշտ են տերմինալներ և համապատասխան պայմաններ բեռի ստուգման համար։ Եթե ապրանքներն ընկնեն լրացուցիչ վերահսկողության տակ, անհրաժեշտո է որ տեղում, բեռի սեփականատիրոջ ներկայությամբ, ստուգման հնարավորություն լինի», — նշում է գործարարը։

Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովը ողջունում է բեռնատար հանգույցի բացման գաղափարը և կարծում է, որ այն մեծ նշանակություն ունի Ջավախքի համար։

«Մենք երկար ժամանակ էինք սպասում դրան։ Հուսով եմ, որ Ախալքալաքը կդառնա ցամաքային նավահանգիստ և կստանա համապատասխան կարգավիճակ։ Սա նշանակում է, որ կայարանի շուրջ կհայտնվեն լոգիստիկ կենտրոններ և օժանդակ ենթակառուցվածքներ։ Տարածաշրջանը կկարողանա կարևոր գործառույթ կատարել Թուրքիա-Եվրոպա, Ադրբեջան-Կենտրոնական Ասիա և Հայաստան-Իրան-Հնդկաստան երթուղիներում։ Ախալքալաքը կարող է դառնալ տրանսպորտային առանցքային հանգույց։ Տարածաշրջան կարող են գալ խոշոր ներդրումներ, իսկ տեղի բնակիչների համար կստեղծվեն նոր աշխատատեղեր», — ասում է Մախարե Մացուկատովը։

Նա նաև նշում է, որ Ախալքալաքի բնակիչները պետք է պատրաստ լինեն նոր հնարավորությունների, քանի որ շրջանը կարիք կունենա տարբեր որակավորում ունեցող մասնագետների։

Վրաստանի տրանսպորտային միջանցքի հետազոտական կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին կարծում է, որ Ախալքալաքի կայարանի բացման հավանականությունը ԲԹԿ-ի լիարժեք շահագործումից հետո բավականին բարձր է։ Սակայն, ըստ նրա, դա պահանջում է ինչպես ենթակառուցվածքային, այնպես էլ իրավական միջոցառումներ։

«Ախալքալաքի կայարանի բացումը նոր շունչ կտա Ջավախքի շրջանի զարգացմանը, քանի որ տեղի ձեռնարկատերերը վաղուց էին ցանկանում այս կայարանն օգտագործել վրացական երկաթուղով Ախալքալաքի-Մարաբդա հատվածում փոխադրումների համար: Ես կարծում եմ, որ միայն տեղական բեռնափոխադրումները կարող են հասնել տարեկան 100-150 հազ տոննայի: Եթե ավելացվի նաև հայկական տարանցիկ փոխադրումները, ընդհանուր ծավալը կարող է հասնել տարեկան 500-600 հազ տոննայի: Սա ԲԹԿ-ին կհաղորդի իրական կենսունակություն», — ասում է Պաատա Ցագարեիշվիլին:

Նրա խոսքով, երկաթուղին ներկայումս գործում է իր հզորության 10%-ից պակաս թողունակությամբ:

«ԲԹԿ-ի իրական հզորությունը տարեկան մոտ 2 միլիոն տոննա է։ Չնայած հայտարարված տարեկան 5 միլիոն տոննայի, սակայն այսօր տեղափոխվում է միայն 100-150 հազ տոննա: Հայկական տարանցիկ փոխադրման, Ջավախքից տեղական բեռների ավելացման, Թուրքիայի կողմից Կենտրոնական Ասիա 33% սակագնային գնի նվազեցման և Չինաստանից բեռնափոխադրումների աճի դեպքում բեռնափոխադրման ծավալը կարող է հասնել 1.2 միլիոն տոննայի: Սա երկաթուղուն հնարավորություն կտա շահութաբեր դառնալ: Լճացումից երկաթուղին կգործի շահութաբեր ուղղությամբ», — նշում է փորձագետը։

Պաատա Ցագարեիշվիլին կարծում է, որ ԲԹԿ-ի լիարժեք շահագործման հանձնվելուց հետո «Ախալքալաք» կայարանի բացման հավանականությունը շատ բարձր է։

«Կարծում եմ, որ այս հարցը պետք է դրական լուծվի, քանի որ երկաթուղու բացման հետ կապված իրավիճակը լավատեսության հիմք է տալիս: Կա մեծ հավանականություն, որ այս կայարանը կբացվի: Այս ճյուղում մենք ունենք այլ կայարաններ, և որոշները նույնպես նախատեսվում են համաժամանակ բացել», — հավելում է փորձագետը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝