Այսօր՝ մայիսի 26-ին, Ախալքալաքում տեղի են ունենում Վրաստանի Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումներ։ Միջոցառումները կազմակերպվում են Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի գրասենյակի կողմից՝ տեղական իշխանությունների հետ համատեղ։
Տոնի կապակցությամբ բնակիչներին շնորհավորել են Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի տեղակալ Շոթա Ռեխվիաշվիլին, Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի տեղակալ Սերգի Մուշկուդիանին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը և Ախալքալաքի քաղաքապետի տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեն։
Տոնակատարությունները տեղի են ունենում քաղաքի Կենտրոնական զբոսայգում: Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական տեխնիկայի, զենքի և հանդերձանքի ցուցահանդեսը բացվել է բնակիչների և այցելուների համար ժամը 11:00-ից սկսած: Զբոսայգում նաև հասանելի են ֆուդկորտ, ինչպես նաև տեղական ձեռներեցների ձեռագործ աշխատանքների և արտադրանքի ցուցադրություն և վաճառք:
Երեխաները կվայելեն զվարճալի և կրթական միջոցառումներ, այդ թվում՝ ծաղկեպսակների պատրաստման արհեստանոցներ, դեմքի նկարչություն, սպորտային խաղեր և հեքիաթային հերոսների հետ հանդիպումներ:
Օրվա ընթացքում այցելուների համար կազմակերպվել են քայլող նվագախմբի երաժշտական ներկայացումներ, տեղական կատարողների համերգ, անիմացիոն ծրագրեր և փուչիկների շոու: Ժամը 17:10-ին «Ունիսոն» քառյակը կատարել է Վրաստանի օրհներգը, որին հաջորդել է գալա-համերգը:
Վրաստանը Անկախության օրը նշում է ամեն տարի մայիսի 26-ին: Հենց այս օրը՝ 1918 թվականին, Վրաստանի Ազգային խորհուրդը Թբիլիսիում ընդունել է Անկախության մասին օրենքը՝ հռչակելով Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծումը:













