Ախալքալաքի Ժողովրդական թատրոնի գործնեությունը խիստ սահմանափակ է: Թատրոնը տարին մի ներկայացում է «բեմադրում», որն այդպես էլ հանդիսատեսը չի տեսնում: Չնայած որ թատրոնը մոտ 10 տարի է առանց ընդհատումների գործում է, սակայն Ախալքալաքում քչերը գիտեն, որ այն գոյություն ունի:

Ախալքալաքի Մշակույթի տանը մշտապես գործել է Ժողովրդական թատրոնը, չնայած տասնամյա ընդհատումների 1990-ականներին: Այսօր էլ այն կա, գոյություն ունի, սակայն որպես կենդանի, աշխատող օրգանիզմ այն պարզապես իր գոյությունն է պահպանում: Ախալքալաքի Ժողովրդական թատրոնի վիճակը մեղմ ասած խղճուկ է: Սկսած դերասանական անձնակազմից, համապատասխան թատերական դեկորացիաներից մինչև ֆինանսավորում:

Ներկայացումներ են բեմադրվում, որոնք այդպես էլ հանդիսատեսը չի տեսնում: Ժողովրդական թատրոնի ընդամենը երկու աշխատակից՝ ռեժիսորը և նրա օգնականն է ինչ-որ չափով վարձատրվում: Ախալքալաքի շրջանային բյուջեն թատրոնին երկու հաստիք է հատկացրել՝ համապատասխանաբար 136 և 160 լարիի չափով:

«Դերասանները աշխատավարձ չեն ստանում, նրանք պարզապես սեփական էնտուզիազմի շնորհիվ շարունակում են պահպանել թատրոնը: Կադրային խնդիր ունենք: Եթե մտածում եք, որ 300 լարիով կարելի է թատրոն պահել, սխալվում եք: Չնայած այս ամենին Ժողովրդական թատրոնը շարունակում է լավ աշխատել: Ֆինանսավորում պետք է լինի, դեկորացիա է հարկավոր, թատերական հագուստ և այլն»,- նշեց Ջավախքի Ժողովրդական թատրոնի ղեկավար Ալիք Քսպոյանը:

tatron1

Բացի ֆինանսականից թատրոնը ևս մի լուրջ խոչընդոտ ունի: Ախալքալաքի Մշակույթի տան դահլիճի և դրսի ջերմաստիճանը նույնն է՝ Ցելսիուսի սանդղակով 0-ից ցածր: Սակայն այս պայմաններում դերասանները շարունակում են շաբաթական նվազագույնը երկու անգամ փորձ անել:
«Ճիշտն ասած, մեր դահլիճը կարելի է գալ հունիս-հուլիս ամիսներին, իսկ այդ երկու ամիսներին էլ մարդ չես կարող գտնել: Խաղացող չկա, դերասանները դպրոցական են, իսկ այդ ամիսներին երեխաները արձակուրդ են գնում, դաշտային աշխատանքներ են ընթանում և այլն: Հիմա է իսկական ժամանակը, բոլորը Ռուսաստանից եկել են, բայց հիմա էլ ցուրտ է: Դահլիճում այնքան ցուրտ է, որ դերասանները 2-3 վերարկու հագած փորձ են անում», – ասաց Ալիք Քսպոյանը:

Արդեն մեկ տարի է ռեժիսորներ՝ Արտակ Մարգարյանն ու Ասյա Մերգելյանը բեմադրում են՝ «Վաճառվում է կլարնետ» պիեսը: Ներկայացման խաղացանկում 7 դերասան է ընկրգված: Դերասաններն են «Ջավախք» երգի, պարի համույթի անդամները:

tatron2

«Արդեն մեկ տարի է բեմադրում ենք «Վաճառվում է կլարնետը» ներկայացումը, ասելն էլ ամոթ է, բայց Ախալքալաքում հանդիսատես չկարողացանք հավաքել, 5 տոմս չվաճառվեց, հետո ստիպված թատրոնը դրեցի իմ աշակերտների համար, հրավիրեցի բոլոր ղեկավարներին բայց ոչ-ոք չեկավ: Հիմա նոր դերասանական կազմով կրկին նույն ներկայացումը նորովի ենք բեմադրում: Մոտակա ժամանակներս, եթե եղանանակային պայմանները թույլ տան դեկտեմբերին կամ հունվար-փետրվարին կբեմադրեմ և ներկայացմանը կհրավիրեմ Արմեն Բայանդուրյանին, իսկ ներկայացումը կնվիրեմ իր վաղամեռիկ կնոջ հիշատակին»,- նշեց ներկայացումը բեմադրող ռեժիսորների օգնական Ալիք Քսպոյանը:

Վերջին տարիների ընթացքում Ժողովրդական թատրոնի բեմադրած ներկայացումների ցանկն է՝ «Աղջկաս փեսացուն», «Փոթորիկ մի բաժակ ջրում», «Տաքսի-տաքսի» և «Վաճառվում է կլարնետ»:

Այս ամենից պարզ է դառնում, որ իրականության մեջ Ախալքալաքում Ժողովրդական թատրոնը գոյություն ունի և որոշակի աշխատանք է իրականացնում, սակայն շենքային անմխիթար պայմանների, ֆինանսավորման և պրոֆեսիոնալ դերասանների բացակայության պատճառով ներկայացումներն ընթանում են առանց հադիսատեսի:

Աղունիկ Այվազյան