Թբիլիսիում կայացել է «Շուշանիկ թագուհու գումարտակը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։ Այն նվիրված է Վրաստանի էթնիկ հայերին, ովքեր պայքարել են Աբխազիայում՝ պաշտպանելով Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ազատությունն ու անկախությունը, և ընկել են մարտի դաշտում։

Ցուցադրությունը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին, Թբիլիսիի «THE BILTMORE TBILISI» հյուրանոցի ամֆիթատրոնում։ Իր տեսակով բացառիկ այս ֆիլմի ռեժիսորներն են Դավիթ Գուլիկյանն ու Արթուր Մարտիրոսյանը:

Այն նվիրված է 1990-ականների սկզբին Աբխազիայի պատերազմում և Վրաստանի միասնականության համար մարտնչած ազգությամբ հայ զինվորներին ու կամավորականներին, որոնց մասնակցության և սխրագործությունների մասին վկայություններ են տալիս հենց պատերազմի վետերանները։

Ֆիլմը պատում է այնպիսի դեպքերի ու դրվագների մասին, որոնց մասին մինչև օրս քչերին է հայտնի։ Այն ևս մեկ անգամ ընդգծում է այն անհերքելի ճշմարտությունը, որ Վրաստանում ապրող հայերը մշտապես վրաց ժողովրդի կողքին են կանգնել ու անմնացորդ սիրել իրենց երկիրը՝ նվիրելով իրենց կյանքը, երբ Վրաստանի ամբողջականությանը վտանգ է սպառնացել։

«Շուշանիկ թագուհու գումարտակը» ֆիլմը պատմում է նաև Ջավախքից կռվի դաշտ մեկնած մարդկանց մասին:

film

Jnews-ը խոսել է ֆիլմի ռեժիսորներից Դավիթ Գուլիկյանի հետ, ով պատմեց ֆիլմի ստեղծման գաղափարի և առաջացած դժվարությունների մասին:

«Իմ կարծիքով, ընդհանրապես Աբխազիայի պատերազմում հայերի մասնակցության մասին Վրաստանում տարածված են տարբեր տեղեկություններ, և դրանցից շատերն ինձ անձամբ անհանգստացնում էին և որոնց բովանդակությանը երբեք չեմ համաձայնվել։ Այդպիսով, որոշեցի փնտրել ընդհանուր տեղեկություններ հայերի՝ այդ պատերազմում մասնակցության վերաբերյալ, սկզբնական հատվածում այս ամենն սկսվել է ուսումնասիրություններով և միտք չի եղել ֆիլմ նկարելու բայց ի վերջո հասանք այնպիսի մասշտաբների, որ որոշեցինք ինչ-որ արժեքավոր բան ստանալ այդ ամենից և ստեղծվեց այս ֆիլմը: Հայերի մասնակցությունն Աբխազիայի պատերազմում շատ մեծ է եղել և այդ ամենը միայն ուսումնասիրություններով չէր կարող սահմանափակվել, որոշեցինք այս ֆիլմի միջոցով հասարակությանն առաջարկել օբյեկտիվ տեղեկություն»:

ֆիլմի ստեղծման դժվարությունների մասին խոսելիս, Դավիթը նշեց, որ բավականին բարդ գործընթաց է եղել, առաջին հերթին այն, որ այն նկարահանվել է կորոնավիրուսի համաճարակի ժամանակ։ Բացի այդ, մինչ օրս ոչ ոք նման ուսումնասիրություն չի արել և ըստ այդմ՝ հետազոտության ողջ ընթացը բավականին բարդ ու ժամանակատար է ստացվել։

Այն հարցին, թե ինչպիսի արձագանք է ստացել ֆիլմը վրաց հասարակությունում, Դավիթը պատասխանեց, որ ֆիլմը դեռ չի դիտվել լայն հանրության կողմից, դեռ սահմանափակվել են պրեմիերաներով։ Հավելեց, որ նոյեմբերի 16-ին ֆիլմի պրեմիերան տեղի կունենա արդեն Հայաստանում, և հավանաբար մոտ ապագայում համացանցում ևս հասանելի կլինի:

«Ինձ համար գնահատական տալը բարդ է, բայց ովքեր նայել են ֆիլմը, բոլորի համար էլ շատ էմոցիոնալ է ընկալվել։ Բացասական գնահատական դեռ չենք ստացել, երբ ֆիլմը հասանելի լինի հասարակության լայն շրջանակների համար, այդ ժամանակ ավելի պարզ կլինի հատկապես վրաց հասարակության վերաբերմունքն ու արձագանքը»:

Ֆիլմի դիտումը Թբիլիսիում անցավ գերլարված, երիտասարդները ուշադրությամբ դիտում էին իրենց համար նոր, բայց շատ կարևոր և ցավոտ թեմայի մասին պատմող ֆիլմը։

Երիտասարդներից Թագուհի Սահակյանը մեզ հետ կիսվեց իր տպավորություններով։

«Ամբողջ ֆիլմի ընթացքում տարբեր էմոցիաներ եմ ապրել, դիտելով ֆիլմը ևս մեկ անգամ հպարտություն զգացի և մտածում էի այն մասին, որ վրաց հասարակության տարբեր խմբերի կողմից հնչող մեղադրանքներին այսուհետ ունենք պատասխան։ Ինչ խոսք, շատ փաստեր կային, որոնց մասին տեղյակ չէի, կարևոր էր իմանալը: Ես միշտ մտածել եմ, որ բոլոր հայերի համար, անկախ նրանից, թե որտեղ են ապրում, առաջնայինը միայն Հայաստանն է, բայց ֆիլմը դիտելուց հետո հասկացա, որ մարդիկ կողքի դնելով իրենց կյանքն ու ընտանիքները, անձնուրաց մարտնչել են այն հողի համար, որի վրա ապրում են։ Ինչպես գիտենք, հայեր են եղել նաև հակառակորդի կողմում և փաստացի նրանք իրար դեմ են մարտնչել, սա ևս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ հայը որտեղ ապրում է, պատրաստ է ամեն ինչի այդ հողի պաշտպանության համար: Ինձ գրավեց նաև այն փաստը, որ ֆիլմը պատմում է նաև ջավախքցիների մասին»:

Ֆիլմի ցուցադրությունը Թբիլիսիում իրականացվեց Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և թեմի Երիտասարդական հարցերի բաժնի կազմակերպմամբ, և «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխությունների համար 2023-2024» ծրագրի շրջանակներում՝ «Jinishian Memorial Foundation» հիմնադրամի աջակցությամբ:

Ֆիլմի թրեյլերին կարող եք ծանոթանալ անցնելով նշված հղումով: