Տարեցտարի «Ջավախք» ազգագրական պարի համույթը ավելի մեծամասշտաբ մրցույթների է մասնակցում և առաջատար հորիզոնականներ գրավում, սակայն համույթը ոչ բոլոր փառատոններին է կարողանում մասնակցել:

2016 թվականին «Ջավախք» համույթը մասնակցել է տարբեր մրցույթների և միջոցառումների, սակայն որպես առավել կարևոր նշանակություն ունեցող մրցույթներից, համույթի ղեկավարը նշում է «Վրաստանի պարային օլիմպիադան», որին մասնակցել են 12 երկրներ: Նաև հայ-վրացական բարեկամության նվիրված փառատոնում թիմն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի:

Անսամբլը ստեղծումից 2-3 տարի անց, 2000-ականների սկզբին, մրցանակների է արժանացել Վիեննայում և Սլովենիայում անցկացված փառատոններից, որոնք նախատեսված են եղել ազգային փոքրամասնությունների համար: Այնուհետև 2005թ. և 2014թ. հանդես է եկել Ռուսաստանի 15 քաղաքներում և նույնպես արժանացել մրցանակների ու պատվոգրերի:

Այսօր էլ տարբեր երկրներից միջոցառումների և մրցույթների մասնակցելու հրավերներն անպակաս են, սակայն արտասահման գնալու համար ֆինանսական հնարավորություն չկա:

«Վերջերս Իսպանիայից 7 օրյա փառատոնի մասնակցելու հրավեր ենք ստացել, որին մասնակցելու համար բավականին մեծ գումար է հարկավոր: Մենք 2-3 հովանավորի դիմեցինք բայց դժվարանում են ֆինանսավորել: Մունիցիպալիտետը այդքան չի կարող ֆինասավորել ուրիշ հովանավորներ էլ չունենք, իսկ մասնակիցների հաշվին գնալու հնարավորություն ոչ բոլորն ունեն՝ մեկ երեխայի համար 530 եվրո է անհրաժեշտ, որը բավականին մեծ գումար է: Հրավերներ ենք ստացել Չեխիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, բայց ոչ մի տեղ էլ չկարողացանք գնալ՝ կրկին ֆինանսական խնդիրներից ելնելով»,- մեզ հետ զրույցում ասաց «Ջավախք» համույթի ղեկավար Ալիկ Քսպոյանը:

«Ջավախք» ազգագրական համույթում առանձնանում է 3 տարքային խումբ՝ մանկական. կազմված 42 մասնակցից (4-8 տարեկան), փոխարինող՝ 55 մասնակից (8-13 տարեկան) և մեծերի խումբը 38 մասնակցով (13-ից բարձր):

Ջուլիետա Տոնականյան