Էլեկտրաբաշխիչ Energo Pro Georgia ընկերությունն Ախալքալաքի Նալբանդյան փողոցում նոր ստորգետնյա էլեկտրահաղորդման գիծ է կառուցում՝ քաղաքի կենտրոնում բաժանորդների էլեկտրամատակարարման որակը բարելավելու նպատակով։
Նոր գիծն անցկացվում է 280 մետրանոց հատվածի վրա՝ մի տրանսֆորմատորից մյուսը։
«Աշխատանքներն իրականացվում են մեր ընկերության կողմից՝ տրանսֆորմատորի ծանրաբեռնվածությունը բեռնաթափելու նպատակով, ընդհանուր նպատակը մեր բաժանորդների էլեկտրամատակարարման որակի բարելավումն է»,- հայտնում են Energo Pro Georgia ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նոր էլեկտրագծի անցկացման նախագծի իրագործման աշխատանքները սկսվել են այս շաբաթ և կավարտվի հաջորդ շաբաթվա վերջին:
Նշենք, որ Նալբանդյան փողոցի 280 մետր հատվածում ստորգետնյա էլեկտրահաղորդման գծի անցկացման աշխատանքների ընթացքում ամբողջ երկարությամբ փոս է փորված։ Արդյունքում Նալբանդյան-Չարենց խաչմերուկն արգելափակված է մեքենաների տեղաշարժի համար։