Արդեն ավարտվել են Ախալքալաքի ապագայի տան և Նկարչական դպրոցի վերանորոգման աշխատանքները։ Ապագայի տունը արդեն գործում է, իսկ նկարչական դպրոցն իր սաներին կընդունի մյուս շաբաթվանից։
Նոյեմբերի 10-ից Ապագայի տունը գործում է բնականոն ռեժիմով։ Ուսումնական այս հաստատությունում կա ինը խմբակ՝ հայերեն, վրացերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուների, տիկնիկագործություն, հմուտ ձեռքներ, հուլունքագործություն և ասեղծագործություն։ Ապագայի տուն կարող են հաճախել 6-ից 18 տարեկան երեխաները։
Նկարչական դպրոցի նորոգման աշխատանքներն ավարտական փուլում են, շենքում մաքրման աշխատանքներ են տարվում, որից հետո վերանորոգված դպրոցն իր հյուրընկալ դռները կբացի աշակերտների համար։
Երեխաները Նկարչական դպրոց կարող են հաճախել 6 տարեկանից սկսած, սովորելու տևողությունը 5 տարի է։ Նկարչական դպրոցում երեխաները սովորում են չորս խմբով։
Նկարչական դպրոցի վերանորոգման աշխատանքների համար հայտարարվել էր էլեկտրոնային մրցույթ, որը հաղթել էր Դայանա Մանուկյանը՝ 59 133 լարի արժողությամբ։ Իսկ ապագայի տան վերանորոգման համար հայտարարված էլեկտրոնային մրցույթը հաղթել էր Աշոտ Կարախանյանը՝ 63 737 լարիով։