Ընդամենը կես տարի էր անցել, ինչ Նալբանդյան փողոցը դատարկվել էր փողոցային վաճառականներից, սակայն նրանք կրկին սկսել են զբաղեցնել տվյալ տարածքը՝ խնդիրներ ստեղծելով թե՛ հետիոտների, թե՛ մեքենաների համար։ Ախալքալաքի մթերային շուկայի հարակից տարածքում փողոցային առևտուրը հանգեցնում է նաև նրան, որ Նալբանդյան փողոցն աղտոտվում է։ Տեղական իշխանությունները կրկին զգուշացրել են վաճառականներին և մինչև շաբաթվա վերջ ժամանակ են տվել փողոցն ազատելու համար։

bazar

Փողոցային առևտրականներն իրենք էլ են դժգոհ որոշումից և շարունակում են պնդել, որ շուկայի տարածքը շատ փոքր է, իսկ առևտուրն ավելի շահավետ է շուկայից դուրս՝ փողոցում։

«Մինչև Զատիկ ժամանակ են տվել, այո, ես էլ եմ լսել: Ինձ հարմար է այստեղ, իսկ այնտեղ՝ ոչ: Ես այնպես էլ ժամանակավոր եմ այստեղ, գնալու եմ: Այստեղ ազատ է, ինքնին, ապրանքը դասավորելը, մաքրելը: Այստեղ ավելի շատ շարժ կա»,- մեկնաբանում է Նալբանդյան փողոցի առևտրականներից մեկը։

«Դե, մարդ հո չի կարող իր խանութը վերցնել և տեղափոխել: Առավել ևս, շուկան նեղ է, անհարմար է: Հհարկե, մեզ համար ավելի ձեռնտու է այստեղ կանգնելը: Ես խախտելու դեպքում չգիտեմ ինչ կլինի»,- նշում է երկրորդը:

bazar2

Սակայն Ախալքալաքի շուկա Jnews-ի կատարած այցի ժամանակ շուկայի տարածքի մոտ 50%-ը դատարկ էր։ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոսքով, փողոցային առևտրականներին ևս մեկ անգամ զգուշացրել են շուկայի ներքին տարածք տեղափոխվելու համար:

«Ես քաջատեղյակ եմ, մի քանի օր առաջ հավաքել եմ իմ աշխատակիցներին, հրահանգել եմ զբաղվել այս հարցով, իսկ առևտրականներին զգուշացրել են, որ եթե մինչև շաբաթվա վերջ մարդկայնորեն չհասկանան, ապա օրենքը բոլորի համար նույնն է և մենք բոլորս օրենքի առաջ հավասար ենք, նրանք օրենքի համաձայն կպատժվեն»,- մեկնաբանեց նա։

Մակարյանը նաև նշեց, որ իշխանությունները երկար ժամանակ փորձում էին ընդհանուր լեզու գտնել առևտրականների հետ՝ առանց վարչական պատժամիջոցներ կիրառելու։

bazar4

«Երկար ժամանակ փորձում էի զուտ մարդկայնորեն բանակցել իրենց հետ: Մենք շուկայի տարածք ունենք, եթե ինչ-որ մեկի մոտ տարածքի անբավարարության պատճառով խնդիրներ է առաջանում, կարող է դիմել, մենք լուծում կգտնենք: Փողոցը կեղտոտվում է, նրանք չեն վճարում աղբահանման համար, ոչ ոք պարտավոր չէ այնտեղ մանրակրկիտ մաքրել: Իսկ եթե պայմաններ կան և նրանք չարաշահում են, ուրեմն պետք է պատասխան տան։ Այդպիսին է մեր մտածելակերպը, չեն ուզում մի քանի կոպեկ ավել վճարել, կամ մտածում են, որ փողոցում ավելի շատ փող կաշխատեն, սակայն չեն հասկանում, որ եթե մաքուր, բարեկարգ շուկայի տարածք ունենանք, մարդիկ կգնան այնտեղ»,- նշում է Մելքոն Մակարյանը։

Նշենք, որ փողոցային առևտրի արգելքի առաջին իսկ խախտման դեպքում քաղաքացուն սպառնում է առկա ապրանքի բռնագանձում և տուգանք։

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ ամբողջ հանրապետությունում արգելվել է փողոցային առևտուրը։ Ախալքալաքի փողոցային առևտրականներին 2022 թվականի օգոստոսին զգուշացվել է, որ նրանք առևտրի իրավունք կունենան մինչև սեպտեմբերի 15-ը, այնուհետև այս ժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 19-ը, որից հետո առևտրականները ազատել էին Նալբանդյան փողոցը։

Սեպտեմբերի 19-ից Ախալքալաքում կարգելվի փողոցային առևտուրը

Սեպտեմբերի 15-ից Ախալքալաքում փողոցային առևտուրը կարգելվի

Ախալքալաքի Նալբանդյան փողոցն ազատվել է փողոցային առևտրից