«SJGC» ընկերությունն Ախալքալաքի մունացիպալիտետում փոխում է իր բաժանորդների հին գազի հաշվիչները։ Աշխատանքը պլանային է և անվճար բաժանորդների համար։ Ինչպես ասում են ընկերությունից, բաժանորդները կարող են չնկատել անգամ, որ իրենց հաշվիչը փոխվել է։
Ամբողջ տարվա ընթացքում, մունիցիպալիտետում, ընկերությունը նախատեսում է փոխել 1100 հաշվիչ: Գործընթացը սկսվել է մոտ երկու շաբաթ առաջ, և այս ընթացքում արդեն փոխվել է մոտ 500 հաշվիչ։
«Փոխում ենք հին հաշվիչները, հաշվիչների շահագործման ժամկետը 10-12 տարի է: Փոխում ենք ընկերության հաշվին, բաժանորդները խնդիրներ չեն ունենա։ Կան հաշվիչներ, որոնք չեն օգտագործվել, թեև ավելի վաղ են տեղադրվել, բայց դրանք մենք չենք փոխում»,- ասացին SJGC ընկերությունից։
Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում գազաբաշխիչ SJGC ընկերությունն ունի 18 484 բաժանորդ։