Ախալքալաքի Ջավախեթի փողոցի բնակիչներից Jnews-ն ահազանգ ստացավ, որ փողոցում ջրատարի վթար է, որի հետևանքով ամբողջ փողոցը ջրի մեջ է։ Jnews-ը գնաց և տեղում պարզեց, որ ոչ թե ջրատարի վթար է, այլ բնակիչներն իրենք են փողոցը ջրում՝ փոշուց պաշտպանվելու նպատակով։
Արդեն մեկ տարուց ավել է ինչ Ջավախեթի փողոցը գտնվում է անմխիթար վիճակում: Ճանապարհի տարբեր հատվածներում մեծ փոսեր են գոյացել, մի քանի անգամ հարթեցման աշխատանքներ են իրականացվել, որից հետո էլ փողոցում մշտապես փոշի է։ Բնակիչները փոշուց ազատվելու համար ջրում են փողոցը, իսկ վարորդները բողոքում, որ մեքենաները կեղտոտվում են։
«Ջուր ենք անում, որ փոշուց չխեղդվենք, իսկ վարորդները բողոքում են, որ մեքենաները կեղտոտվում են: Ամբողջ ձմեռը բերում ավազ են լցնում, ամռանը չեն մաքրում, ոնց ապրենք այսպես», – ասում են փողոցի բնակիչները։
Հարցին, թե արդյո՞ք դիմել են քաղաքապետարան, խնդրին լուծում տալու համար, նրանք ասացին՝
«Երբ ենք արդյունքի հասել, որ հիմա էլ դիմենք, երկու-երեք օր էլ հերթի մեջ պետք է լինենք։ Մենք խնդրի լուծումը գտել ենք, ջուրը կապել ենք փողոց, փոշի չկա, ուրիշ ճար չունենք։ Երեսներս դեմ ենք տվել, այսպես ջրում ենք, ինչ անենք», – ասում է Ջավախեթի փողոցի բնակիչներից Սամվել Իրցյանը։
Այս փողոցի բնակիչներ ասում են, որ եթե չեն ուզում, որ իրենք ջրեն, ուրեմն թող պատասխանատու մարմինները օրը գոնե երկու անգամ ջրեն։
Մոտակայքում կա սննդի խանութ: Խանութի դուռ պատուհանը բազմաշերտ է, սակայն էլի չեն կարող խուսափել փոշուց, օրը մի քանի անգամ մաքրում են։
Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը վստահեցնում է, որ շուտով այս խնդիրը կվերանա:
«Ինչպես արդեն բազմաթիվ անգամներ նշել ենք Ջավախեթի փողոցը պետական նշանակության ճանապարհ է, և այդ ճանապարհը դեռ անցած տարի սկսել էինք վերանորոգել, հասել են մինչև «Կորխի կամուրջ» կոչվող հատվածը։ Ես խոսել եմ նահանգապետի հետ, և հասել եմ նրան, որ ճանապարհաշինոըւթյունը կշարունակեն ոչ թե «Կորխի կամուրջի» կողմից, այլ հենց «վստրեչա» կոչվող հատվածից, որի մեջ է մտնում նաև Ջավախեթի փողոցը։ Ճիշտ է որոշ ժամանակ կկեղտոտվի փողոցը, բայց արդյունքը լավ կլինի բոլորի համար», – ասում է քաղաքապետը։
Նշենք, որ այս ճանապարհի շինարարությունն ըստ պլանի պետք է ավարտվի 2021 թվականի սեպտեմբերին։
Հավելենք, որ Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերականգնումը սկսվել էր սեպտեմբերի երկրորդ կեսից: Ընդհանուր պետք է վերանորոգվի «Կորխիս Ծղալի» կամրջից սկսած ճանապարհի 7 կմ հատվածը: Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային վարչությունը, ընթացիկ տարվա հուլիսին՝ Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերականգնման համար («Կորխիս Ծղալի» կամրջից մինչև Ախալքալաք) էլեկտրոնային մրցույթ էր հայտարարել 6 638 460.00 լարիի չափով։ Այն շահել էր «Ճանապարհաշինության վարչություն №1»-ը` 5 744 000.00 լարիով:
Գայանե Ակոջյան