Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում, տեղական իշխանությունների, Ջավախքի ազգային պարկի, ոստիկանության, Նահանգապետարանի և Սահմանապահ ոստիկանության ներկայացուցիչները քննարկեցին Կարզախ գյուղի Խոզապինի լճի մաքրման միջոցառումները։ Լիճը գտնվում է անմխիթար վիճակում և անհրաժեշտ է այն փրկել։

Խոզապինի լճի կեսը գտնվում է Թուրքիայի կողմում, իսկ մյուս կեսը՝ Վրաստանի կողմում։ Կարզախ գյուղում լճի վրացական հատվածը կանաչապատ է: Լիճը գտնվում է Ջավախքի ազգային պարկի տարածքում։ Ազգային պարկի ներկայացուցիչներն ահազանգում են լճի վատ վիճակի մասին։ Լճում շատ ձկնորսական ցանցեր կան, ինչի պատճառով ձկները չեն լողում Կարզախի կողմը, և դրա պատճառով այն կանաչել է։

«Լճում մի քանի հազար ձկնորսական ցանց կա, դրանք իրար վրա են դասավորված, դա թույլ չի տալիս ձկներին լողալ Վրաստանի կողմը, նրանք վախենում են։ Այդ ցանցերը հարկավոր է մաքրել լճի հատակից, որպեսզի լիճը զարգանա։ Այսօր մենք հրավիրել ենք նաև Սահմանային ոստիկանության ներկայացուցչին, որպեսզի նա հաղորդի իր վերադասին, և նրանք թույլ տան բնակչությանը մաքրել լիճը ձկնորսական ցանցերից, այդ թվում նաև՝ կարմիր գոտում։ Որովհետև առանց այս հատվածի մաքրման, էֆեկտ չի լինի»,- ասաց Ազգային պարկի ներկայացուցիչ Սամվել Պետրոսյանը։

Թուրքական կողմից Խոզապինի լիճը մաքուր է ու թափանցիկ, վրացական կողմից լրիվ կանաչապատ է։ Ազգային պարկը մտավախություն ունի, որ ժամանակի ընթացքում լիճը կարող է վերածվել ճահճի։ Կարզախ գյուղի բնակիչները լճից ամռանը ոռոգում են իրենց ցանքատարածությունները, այն նաև ծառայում է անասունների համար ջուր խմելու տեղ։

Հանդիպմանը հավաքվածները համաձայնության եկան, որ սահմանապահները պետք է թույլ տան մարդկանց մտնել լիճ և հանել բոլոր ցանցերը, դրանով իսկ ճանապարհ բացել ձկների համար։ Նրանք Սահմանային ոստիկանության ներկայացուցչին խնդրեցին իր ղեկավարության հետ խոսել լճի վիճակի մասին և հավանություն ստանալ, որպեսզի մինչև ձմեռ այն հասցնեն մաքրել։

Հանդիպման ավարտին որոշվեց, որ և՛ Ազգային պարկը, և՛ սահմանապահները լճի վիճակի մասին կզեկուցեն իրենց վերադասներին, կքննարկեն և հաջորդ հանդիպմանն արդեն կոնկրետ կքննարկվի, թե ինչպես է կազմակերպվելու մաքրումը։

«Մենք խնդրում ենք,որպեսզի Ազգային պարկը դիմի իր ղեկավարությանը,իսկ սահմանապահների՝ իրենց ղեկավարությանը, և երբ ղեկավարությունից պատասխաններն արդեն ստացվեն, կլինի երկրորդ հանդիպումը, որտեղ կոնկրետ կքննարկենք, թե երբ կսկսվեն մաքրման աշխատանքները։ Կարծում եմ, ժամանակ կտանք, որ գյուղացիններն իրենց ցանցերը հավաքեն, եթե մնան, տեղական իշխանությունները միջոցներ կհատկացնեն մաքրման համար, որքան ես գիտեմ Ազգային պարկը նույնպես այդ նպատակով միջոցներ ունի»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը:

Ազգային պարկի ներկայացուցիչները նշեցին, որ կդիմեն իրենց ղեկավարությանը և կխնդրեն ֆինանսական օգնություն։

Խոզապինի լճի մաքրման փորձ կա, երկու տարի առաջ նման միջոցառում անցկացվել է: