Նյութը պատրաստել է մեր գործընկեր sknews.ge լրատվական պորտալը:

«Վարձիան» ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում ընդգրկվելու համար պայքարում է 1999 թվականից։ Խոչընդոտող հանգամանքներից մեկը գլխավոր պլանի բացակայությունն է։ Ինչո՞ւ է երկարաձգվել փաստաթղթերի պատրաստման գործնթացը, ի՞նչ վտանգներ են ստեղծում հուշարձանի շուրջ քաոսային շինարարությունները, ինչպե՞ս է ոմանց հաջողվում շրջանցելով օրենքը շինարարություն իրականացնել այսպես կոչված «կարմիր գոտում» և ովքե՞ր են օգտվում իշխանության կողմից արտոնություններից։

Վարձիան մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ ունեցող ժայռափոր վանական համալիր է, որը թվագրվում է XII-XIII դարերով։ Գտնվում է պատմական Ջավախքում՝ Ասպինձայի քաղաքապետարանից 30 կիլոմետր հեռավորության վրա, Մտկվարի գետի ձախ ափին։ Ծովի մակարդակից 1300 մետր բարձրության վրա։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում ընդգրկվելը կբարձրացնի Վարձիայի պատմական համալիրի հայտնիությունը ամբողջ աշխարհում։ Ինչը կնպաստի զբոսաշրջիկների ու եկամուտների ավելացմանը։

Որպեսզի պատմական այս համալիրն ընդգրկվի հուշարձանների ցանկում, պետությունը պետք է ունենա լիարժեք կառավարման պլան։

2015 թվականին էկոնոմիկայի նախարարությունը, հովտի երկայնքով 20 կիլոմետրանոց հատվածում, մշակել է «Վարձիա-Խերթվիսի-Օլոդա մշակութային լանդշաֆտի քաղաքաշինական փաստաթուղթը», որի համար ծախսվել է 485 հազար լարի։ Սրանից հետո ի՞նչ է արվել հուշարձանի գլխավոր հատակագիծը պատրաստելու համար և ե՞րբ Վարձիան կհայնվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում, անորոշ է։  «Հարավային դարպասը» հարցմանը  Մշակութային ժառանգության և հուշարձանների պահպանության ազգային գործակալությունը  չի արձագանքել, այն թողնելով անպատասխան։

Դեռ 2019 թ․-ին Մշակութային ժառանգության և հուշարձանների պահպանության գործակալության հասարակայնության հետ կապերի ծառայության ներկայացուցիչ Բեքա Բարամիձեն «Հարավային դարպասին» ասել է, որ կամայական շինությունները փոխում են հուշարձանի պատմական լանդշաֆտի տեսքը և, միաժամանակ, վնասում Վարձիայի համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկ ներկայացնելու գործընթացին։

«Այս լանդշաֆտի ձևավորված, պատմական տեսքը պետք է անձեռնմխելի լինի։ Քաղաքաշինության ցանկացած քաոսային շինություն և կամայական շինարարություն վնասում է այս գործընթացին և ոչնչացնում է Վարձիա-Խերթվիսի-Օլդա միասնական լանդշաֆտի անվանակարգման գործընթացի հեռանկարը»,- ասել է Բեքա Բարամիձեն։

Վարձիայի հարակից տարածքի մի մասը Ասպինձայի, իսկ մյուս մասը՝ Ախալքալաքի քաղաքապետարանի տարածքում է գտնվում։

Ու՞մ են պատկանում Վարձիայի շրջակայքի օբյեկտները

Վարձիայի հարակից տարածքում գործում է 4 սննդի օբյեկտ և մեկ ընտանեկան հյուրանոց։ Քիչ հեռու ևս մեկ հյուրանոց է կառուցվում։

Նշված շինություննրեից ոչ մեկը կադաստրային քարտեզում չկա, ինչից կարելի է ենթադրել, որ դրանք հավանաբար կառուցվել են առանց շինթույլտվության։

«Ռեստորան Վարձիա» ռեստորանը գտնվում է Մտկվարի գետի աջ ափին։ Այն ներկայումս վարձակալում է տեղացի Շոթա Մելիքիձեն՝ ինչպես ինքն է ասում՝ թեմից։ Հայտնի չէ, թե ինչ պայմաններով է վարձակալել, մեր հարցերին չի պատասխանում, փոխարենն ուղղորդում է հոգևորականներից պարզել։

Ռեստորանին կից 21 700 քմ տարածքը գրանցված է Վրաստանի պատրիարքարանի Ախալցիխեի և Տաո-Կլարջեթիի թեմի անունով [կադաստրային ծածկագիր՝ 60.10.34.053]։

Մտկվարիի ափին գտնվող հինգ տաղավարներից և երեք կառույցներից պատրիարքարանին պատկանող հողատարածքում միայն մեկն է գտնվում։ Ըստ տեղացիների՝ նույն տարածքում է ապրում նաև հոգևորական՝ վանահայր Գիորգին։

Շինթույլտվության վերաբերյալ մեր հարցին հոգևորականը պատասխանեց, որ բոլոր փաստաթղթերը կարգին են և չի պատրաստվում մանրամասները մեզ հետ քննարկել։

«Չեմ ուզում խոսել, իմաստ չեմ տեսնում։ Ի՞նչ կարիք կա, ի՞նչ է ձեզ հետաքրքրում։ Ես չեմ հասկանում ձեր նպատակը ո՞րն է: Ամեն ինչ օրենքի սահմաններում է արված։ Հակառակը, մենք այստեղ շատ գործ ունենք անելու, բայց մեզ խանգարում են»,- ասաց հոգևորականը։

Օդային քարտեզի համաձայն՝ 2012 թվականի հուլիսին այս տարածքում եղել է մի ավերակ շինությւոն և մեկ շենք, իսկ 2015 թվականին՝ երկու շենք և մեկ ֆանչատուր։ Թե ե՞րբ են կառուցվել այս 5 տաղավարները և, ինչպես է Պատրիարքարանը ստացել կառուցապատում իրականացնելու իրավունք, մեզ հայտնի չէ, հոգևորականն ու սննդի օբյեկտի ներկայիս սեփականատերը այս թեմայով որևէ մեկնաբանություն չեն անում։

Ախալցիխեի և Տաո-Կլարջեթիի միտրոպոլիտ Թեոդոր Ճուաձեին չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Վարձիայի միանձնուհիները մեզ ասացին, որ բոլոր փաստաթղթերը կարգին են։

«Եթե այս գործը քննության փուլում չէ, ինչո՞ւ եք հարցնում, ձեր ի՞նչ գործն է։ Ի՞նչ եք ուզում Պատրիարքարանից։ Կարևորը անօրինական չէ, ձեզ՝ լրագրողներիդ, ո՞վ է հարցնում, թե որտե՞ղ է և ինչպե՞ս։ Դուք հետևեք ձեր ռեպորտաժներին, մեզանից հեռու մնացեք: Հեռու մնացեք եկեղեցուց, ես չեմ կարող ձեզ մեկնաբանություն տալ։ Դա պատրիարքարանի սեփականությունն է, և ամեն ինչ գրանցված է, իսկ ձեզ ո՞վ է հարցնում, այն կադաստրային ծածկագիր ունի թե՞ ոչ»,- ասաց վանքի միանձնուհիներից մեկը։

Սեփականատիրոջ ինքնությունը պարզելու համար «Հարավային Դարպաս»-ը գրավոր դիմում է ուղարկել Հանրային ռեգիստրի ազգային գործակալություն, այնտեղից պատասխանել են, որ դիմումում մեր տրամադրած տվյալների (իրավիճակային գծագիր)
հիման վրա հնարավոր չէ բացահայտել անշարժ առարկան։

Ըստ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փաստաբան՝ Քեթի Բեբիաշվիլիի, հանրային ռեգիստրի կադաստրային քարտեզով երևում է, որ նշված տարածքում ապօրինի շինություններ կան։

«Այստեղ երկու կարևոր խնդիր կա։ Մեկն այն է, որ նշված շինարարությունն իրականացվում է առանց թույլտվության, քանի որ պարզ չէ, թե ով է սեփականատերը։ Մյուս խնդիրը գետի հունն է։ Եթե կամայական զբաղեցրած հողերի ճանաչման վերաբերյալ վարույթ է ընթանում, ապա այս հարցը նույնպես պետք է ուսումնասիրվի, որովհետեւ գետի հունին մոտ շինարարություն չի կարող իրականացվել, և այստեղ հատուկ կարգավորումներ են գործում։ Դրա համար շինարարություն իրականացնելու համար անհրաժեշտ է փորձաքննության եզրակացությունը, իսկ այս դեպքում նույնիսկ սեփականատերը չգիտենք ով է»,- ասում է Քեթի Բեբիաշվիլին։

Նրա խոսքով, հարցը պետք է ուսումնասիրի Ասպինձայի քաղաքապետարանի վերահսկողական ծառայությունը։ Հնարավոր է, որ շինություներն ապամոնտաժվեն։

Նա նաև բացատրում է, որ չնայած ապօրինի շինարարությունն իրականացվել է տարիներ առաջ, սրան պետք է հետևի գործող իշխանության իրավաժառանգական արձագանքը։

«Չնայած նրան, որ պատրիարքարանը հարակից տարածքում հողատարածքներ ունի, նրանք իրավունք չունեին գետի հունի մոտ շինարարություն անել։ Գետի վարարման դեպքում առաջին հերթին վտանգ կսպառնա այս տարածքում կառուցված քոթեջներին։ Ենթակառուցվածքի անվտանգությունից բացի օրակարգում է մարդկանց անվտանգության հարցը։ Ըստ օրենքի՝ սա պետք է ապամոնտաժվի, քանի որ մենք չգիտենք, կարելի՞ է արդյոք նմանատիպ շինարարություն իրականացնել այս տարածքում։ Սա հավանաբար ապօրինի շինարարություն է»,- ասում է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փաստաբանը։

Ինչպես պարզվում է՝ շինարարությունը, հավանաբար,  առանց թույլտվության է իրկանացվում, ըստ այդմ՝  խնդիր է նաև այն վարձակալության տալու հարցը։

«Եթե հողամասն ու շենքը գրանցված չեն, ցանկացած տեսակի պայմանագիր էապես թերի է։ Սա նշանակում է, որ հոգևորականն իրավունք չունի այն վարձակալության հանձնելու»,- ասում է փաստաբանը։

Ասպինձայի քաղաքապետարանն այս թեմայով հանրային տեղեկատվություն չի տալիս, թե վերջին հինգ տարվա ընթացքում, արդյո՞ք ինչ-որ մեկը տուգանվել է այս շինությունների համար։

Հոգևորականներին՝ ոչ, բայց տաղավար և պաշտպանիչ պատ կառուցելու համար Ասպինձայի քաղաքապետարանը 16 հազար լարիով տուգանել է «Մասպինձելի» ռեստորանի սեփականատեր Գուլկան Մելիքիձեին։

Մելիքիձեն 2019-2020 թվականներին շինարարական աշխատանքներ է իրականացրել Վարձիայի հակառակ կողմում՝ ռեստորանի հարևանությամբ գտնվող սեփականություն հանդիսացող հողամասում (1500 քմ հողատարածք)։

Գուլկան Մելիքիձեն Ասպինձայի քաղաքապետարանի որոշումը բողոքարկել է Ախալցիխեի շրջանային դատարանում։ Նրա փաստաբան Սոսո Խիթարիշվիլիի կարծիքով՝ կիրառված տուգանքն անհիմն է, քանի որ նմանատիպ շինությունների համար թույլտվություն պետք չէ։

«Այնտեղ մյուսներն էլ շատ նման բաներ ունեն, սակայն քաղաքապետարանը չի արձագանքում։ Որոշակի ծանոթությունների կամ ազդեցությունների պատճառով։ Ճնշվում են միայն այն կատեգորիայի մարդիկ, ովքեր մյուսների համեմատ, ավելի քիչ ազդեցություն և ավելի քիչ հովանավորներ ունեն։ Թեև մեր գործով որոշակի փաստաթղթեր ունեինք։ Մենք չենք բողոքում ուրիշի դեմ, որ առանց թույլտվության են շինարարություն իրականացրել։ Մենք ասում ենք, որ սա առաջին կարգի շենք է և թույլտվություն անհրաժեշտ չէր»,- ասաց փաստաբանը։

Որոշում կայացնելուց հետո վերջինս նախատեսում է բողոքարկել վերադաս դատարանում։

Չնայած տուգանման փաստին՝ Ասպինձայի քաղաքապետարանը «Հարավային Դարպաս»-ին այս մասին հրապարակային տեղեկատվություն չի տրամադրում և թաքցնում է։ ՏԻՄ-ը չի պատասխանել նաև կարևոր այլ հարցերի, ուստի չգիտենք, բացի Գուլկան Մելիքիձեից այլ մարդիկ ևս տուգանվե՞լ են,  թե ոչ, կամ ինչ միջոցներ են ձեռնարկվել ապօրինի կառուցապատողների դեմ։

Քաղաքապետարանից մեզ միայն գրել են․

«Խերթվիսի-Վարձիա-Օլոդա մշակութային լանդշաֆտի պահպանության տարածքում ցանկացած տեսակի շինարարության համար մորատորիում է գործում։ Ըստ այդմ՝ վերջին 5 տարիների ընթացքում Ասպինձայի քաղաքապետարանի կողմից նշված տարածքում թույլտվություն չի տրվել»:

Բացի քաղաքապետարանից, դիմել ենք նաև Ախալցիխեի շրջանային դատարան և Ասպինձայի դատարան։

«Ձեր կողմից պահանջվող տեղեկատվությունը առանձին չի գրանցվում և վիճակագրություն չի մշակվում, ինչի պատճառով մենք զրկված ենք ձեր պահանջը բավարարելու հնարավորությունից»,- ասված է դատարանների կողմից ուղարկված պատասխանում։

Ըստ «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի փաստաբան Քեթի Բեբիաշվիլիի, խմբագրությունը կարող է հայց ներկայացնել ընդդեմ ինքնակառավարման մարմինների և դատարանի։

«Քաղաքապետարանը խախտել է Ընդհանուր վարչական օրենսգրքի 37-րդ, 38-րդ, 40-րդ հոդվածները, որոնք պարտավորեցնում են տրամադրել հանրային տեղեկատվություն։ Քաղաքապետարանը պարտավոր էր այս տեղեկատվությունը տրամադրել։ Եթե այնտեղ որևէ անձնական տեղեկատվություն կա, ապա այն պետք է ծածկված լինի Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի հիման վրա: Քանի որ քաղաքապետը չունի վերադաս, ուստի նրա կողմից կայացված վարչական ակտը բողոքարկվում է դատարանում։

Ինչ վերաբերում է դատարանին, ապա երևում է, որ այս հարցում կա որոշակի պրակտիկա ու մոտեցում, որը տիրում է ոչ միայն Ախալցիխեում։ Հաճախ նման պատասխան են տալիս նաև Շիդա Քարթլիի դատարանները, ինչը ճիշտ չէ։ Անկախ նրանից՝ մշակվում է վիճակագրություն, թե ոչ, դատարանը պարտավոր է հրապարակային տեղեկատվություն տրամադրել։ Իսկ 10-օրյա ժամկետը պետք է օգտագործվի տեղեկատվության մշակման համար։ Տվյալ դեպքում, քանի որ տեղեկատվությունը տրամադրվել է հանրային տեղեկատվության համար պատասխանատու անձի կողմից, այն պետք է բողոքարկվի դատարանի նախագահի մոտ», – ասում է Քեթի Բեբիաշվիլին։

Վարձիայի շրջակայքում կա ևս մեկ հյուրանոց, որի շինարարական աշխատանքները դեռ ավարտված չեն։ Տեղացիների խոսքով՝ սեփականատերը Ռուսաստանում ապրող գործարար Արսեն Տաբատաձեն է։ Ըստ հանրային ռեգիստրի քաղվածքի՝ 2018 թվականին, 5035 քառ. հողատարածքը նա գնել է Նիկոլոզ Աստամիձեից։

Վարձիայի քարանձավներից պարզ երևում է հյուրանոցը, և հակառակը։ Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հողի սեփականատերը շինթույլտվություն ունի, մինչդեռ մորատորիումի շրջանակներում 2019 թվականին Ասպինձայի քաղաքապետարանի կողմից դադարեցվել է «Նիալա» ՍՊԸ-ի 120 սենյականոց հյուրանոցի կառուցումը, իսկ Գուլկան Մելիքիձեն տուգանվել է տաղավարի շինարարության համար։

Կիսակառույց հյուրանոցի տարածքում ոչ ոք չկար։ Ինչպես նաև շինթույլտվության պաստառ չտեսանք։

Մեր խմբագրությունը կապ է հաստատել հյուրանոցի սեփականատիրոջ եղբոր՝ Ավթանդիլ Տաբատաձեի հետ, նա ասաց, որ իր եղբայրը Ռուսաստանում է, եթե մեզ ինչ-որ բան է հետաքրքրում, ապա նրան հարցնենք։

«Ի՞նչ եք կարծում, եթե թույլտվություն չունենար ու փաստաթղթերը կարգին չլինեին, ո՞վ կտար նրան կառուցելու իրավունք։ Փաստաթղթերը կարգին են, ոչ ոք չի խանգարում շինարարությանը»,- մեզ հետ զրույցում ասաց նա։

Նշված հյուրանոցը կից է Վարձիային, թեև տարածքը պատկանում է Ախալքալաքի քաղաքապետարանի Գոգաշեն գյուղին։

Ներկայումս աշխատանքները դադարեցված են, հետաքրքրվեցինք՝ հյուրանոցի սեփականատիրոջ կամքով է դադարեցվել, թե՞ ինչ-որ հաստատության հրահանգով։ Ախալքալաքի քաղաքապետարանից ստացված գրության մեջ կարդում ենք, որ վերջին հինգ տարում քաղաքապետարանի տարածքում, կոնկրետ Վարձիա համալիրի հարակից տարածքում, թույլտվության 6 դիմում է ներկայացվել։ Շինարարության իրավունք տրվել է միայն մեկին՝ Արսեն Տաբատաձեին։

Ախալքալաքի քաղաքապետարանից պարզաբանում են, որ հինգ դեպքում էլ մերժման պատճառ են հանդիսացել թերի փաստաթղթերը։

  • Ակակի Նաթենաձեն Գոգաշեն գյուղում «Ճաճկարի»-ում գտնվող հողամասում (Հ/Կ 63.20.31.326) տեղակայված տան կողքին ցանկացել է բնակելի սենյակներ կառուցել։
  • Ինչ վերաբերում է Ջիմշեր Նաթենաձեին, նա նույնպես թույլտվություն է խնդրել Գոգաշեն գյուղի «Ճաճկարի»-ում գտնվող հողամասում (Նույնականացման կոդ 63.20.32.006) բնակելի տան կառուցման և իր սեփականության տակ գտնվող ողջ տարածքի ցանկապատման համար։
  • Բոնդո Նաթենաձեին նույնպես քաղաքապետարանը մերժել է։ Նա խնդրել է Գոգաշենի «Ճաճկարի»-ում սեփականությանը պատկանող հողամասում ջերմոց կառուցել (Նույնականացման կոդ 63.20.31.294)։

«Ամբողջական փաստաթղթերը ներկայացնելուց հետո հնարավոր կլինի հարցը քննարկել և վերոնշյալ փաստաթղթերն ուղարկել Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալություն»,- ասվում է հայցվող տեղեկատվության մեջ։

Ի լրումն վերը նշվածի՝ Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից տրամադրած տեղեկատվության մեջ կարդում ենք, որ 2021 թվականին Ափնիա գյուղի բնակիչները (8 քաղաքացի) կոլեկտիվ հայտարարությամբ դիմել են ինքնակառավարմանը և թույլտվություն են խնդրել իրենց հաշվին վերանորոգել դեպի իրենց հողամասեր (Նույնականացման կոդեր․ 63.20.32.121; 63.20.32.117; 63.20.32.120; 63.20.32.042; 63.20.32.078; 63.20.32.117; 63.20.32.120; 63.20.32.042; 63.20.32.078; 63.20.32.078; 63.20.32.20. 60.10.34.563) տանող հին ճանապարհը։ Անորոշ է դիմումը բավարարվե՞լ է, թե՞ ոչ, քաղաքապետարանից ստացված գրության մեջ այս մասին ոչինչ չի ասվում։

24 տարի «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի հուշարձանի կարգավիճակի սպասումներում

Վարձիան «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի հուշարձանների ցանկում ընդգրկելու համար անհրաժեշտ է, որ պետությունը ունենա հուշարձանի կառավարման լիարժեք ծրագիր։ Սակայն նախագիծը դեռ պատրաստ չէ։

Ասպինձայի և Ախալքալաքի քաղաքապետարանների տարածքում՝ Մտկվարիի կիրճի երկայնքով 20 կիլոմետրանոց հատվածում, 2015 թվականի հունվարի 26-ին սկսվել է «Վարձիա-Խերթվիսի-Օլոդա մշակութային լանդշաֆտի քաղաքաշինական փաստաթղթի» մշակումը։ Էկոնոմիկայի նախարարությունը «Գեոգրաֆիկ» ՍՊԸ-ի հետ 485 000 լարիի ուղիղ պայմանագիր է կնքել։ Նախսգիծն ընդգրկում է 10 գյուղի տարածք (Տոլոշի, Խերթվիսի, Նաքալաքևի, Թմոգվի, Միրաշխանի, Կումուրդո, Գոգաշեն, Ափնիա, Խավեթ և Դավնիա): Այս փաստաթղթի հիման վրա պետք է մշակվեին պլանավորման սկզբունքներ, որոնք պետք է հաստատեին քաղաքապետարանները, և սկսվեր այդ տարածքների զբոսաշրջության զարգացումը։ Սակայն մինչ հիմա նշված գյուղերում զբոսաշրջության զարգացման առումով քայլեր չեն ձեռնարկվել։ Նախագծի ձգձգման մասին անցյալ տարի՝ 2022 թվականին, գրել է նաև «Միջազգային Թափանցիկություն՝ Վրաստան»-ը։

Նաև 2015 թվականի ապրիլին, Խերթվիսի-Վարձիա-Օլոդա մշակութային լանդշաֆտի ոչ նյութական մշակութային ժառանգության առաջին գույքագրման ժամանակ Մշակութային ժառանգության և հուշարձանների պահպանության ազգային գործակալության կողմից գնվել է ևս մի նախագիծ։ Մրցութային պայմանագիրը կնքվել է Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի հետ՝ 8600 լարիով։

Մենք չգիտենք՝ փաստաթուղթը ի վերջո պատրա՞ստ է, թե ոչ, ի՞նչ է արվում Մշակույթի նախարարության կողմից, և արդյո՞ք պատմական համալիրի շրջակայքում կատարված շինարարությունները խոչընդոտ են հանդիսանում «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի հուշարձանների ցանկում ներառելու համար։ Մշակութային ժառանգության հուշարձանների պահպանության գործակալությունն ու Վարձիայի տնօրեն Իլիա Թեդորաձեն, Մշակույթի նախարարությունը մեր հարցերին չպատասխանեցին։

Պատճառները պարզելու համար, մենք կապ հաստատեցինք «Վրաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերի ազգային հանձնաժողովի» հետ, թեժ գծով մեզ ասացին, որ մանրամասն տեղեկությունների համար դիմենք Մշակույթի նախարարություն։

«Միջազգային Թափանցիկություն՝ Վրաստան» կազմակերպության տարածաշրջանային համակարգող Թամունա Ուչիձեի խոսքով, այն գումարը, որը պետությունը ծախսել է մրցույթների վրա՝ «դեն է նետվել»։

«Պետությունը բյուջեից կես միլիոն լարի է վճարել նախ առանց մրցույթի, ուղղակի գնումների տեսքով, իսկ հետո այդ գումարը փաստացիորեն դեն է նետվել։ Այսինքն՝ այս նախագծից հետո մարզում զբոսաշրջությունը զարգացնելու համար մի շարք ծրագրեր պետք է իրականացնեին ՏԻՄ-ը և էկոնոմիկայի նախարարությունը միասին։ Սակայն այս նախագծում ընդգրկված 10 գյուղերում զբոսաշրջության զարգացման առումով որևէ քայլ չի արվել։ Այսօր ոչ ոք չի կարող օգտվել 8 տարի առաջ կազմված նախագծից, քանի որ, օրինակ, առնվազն գետի հունի եզրագիծը կարող էր փոխված լինել»,- ասում է նա։

Ինչո՞ւ է ձգձգվում Վարձիայի գլխավոր հատակագծի մշակումը

Մշակութային ժառանգության փորձագետ, Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության և սպորտի նախկին նախարար Նիկոլոզ Վաչեիշվիլին կարծում է, որ կառավարությունը ոչինչ չի անում Վարձիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում ընդգրկելու համար։

«Վրացական կառավարության ներկայիս պասիվությունը թույլ չի տալիս, որ Վարձիան ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում։ Մեր կառավարությունը ժամանակ չունի ո՛չ Վարձիայի, ո՛չ էլ նոմինացիայի նախապատրաստման համար։ Էկոնոմիկայի նախարարությունը զարգացման ծրագրի համար մրցույթ է հայտարարել, և որքան գիտեմ, այս փաստաթուղթը նախարարությունում է։ Բայց ինչպես «Թխա դա Գիգո»-ն (խմբ. Հեքիաթ), այդպես չեն հասկանում այս փաստաթղթի բովանդակությունը։ Այն դեռ չի գործում։ Պետությունն այդքան գումար է ծախսել, փաստաթուղթ է պատրաստվել, բայց ոչինչ չի արվել այն կյանքի կոչելու համար։ Անորոշություն ու անհեթեթություն, պլանի շատ լավ տարբերակ կա, բայց չի գործում։ Սա ցույց է տալիս իշխանության սխալ տեսլականը, ծուլությունն ու կուրությունը։ Այժմյան ռուսամետ իշխանությունը շահագրգռված չէ ինտեգրվել Արևմուտքին։ Այդ թվում՝ նաև «ՅՈՒՆԵՍԿՕ»-ին»,- ասում է Նիկոլոզ Վաչեիշվիլին։

Սամցխեիղ ընտրված խորհրդարանի պատգամավոր Անտոն Օբոլաշվիլին հաստատում է, որ Վարձիայի շրջակայքում զարգացման ծրագրի բացակայությունը մեծ մարտահրավեր է։ Նրա խոսքով, ամբողջ հանրապետությունում, այդ թվում՝ Վարձիայում, սկսվել է տարածքային պլանավորման գործընթացը։

«Հիշեցնեմ, թե Վարձիան որքան մեծ մշակութային-պատմական հուշարձան է մեզ համար, բնականաբար, դրա շրջակայքում պետք է լինի պատշաճ և ծրագրված զարգացում, ինչը կնպաստի մեր տարածաշրջան զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանի պահպանումը։ Անցյալ տարի ներկայացվեց ընդհանուր տարածական դասավորության մասին, գործընթացն ընթացքի մեջ է, և ամբողջ երկրում սկսվել է տարածքային պլանավորումը: Պետք է, որ քաոսային զարգացման չհանդիպենք, չի կարելի, որ ամենքի ուզածով, կամայական զարգանա։ Հետևաբար, տարածքային պլանավորումը շատ կարևոր է: Իհարկե, դրա շրջանակներում բոլոր կետերը, բոլորի մոտեցումները հաշվի կառնվեն, որպեսզի չխանգարեն Վարձիայի մուտքին «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի ցուցակ»,- «Հարավային Դարպաս»-ին ասում է պատգամավորը։

«ՅՈՒՆԵՍԿՕ»-ի ցանկում ընդգրկվելու համար ընտրված հուշարձանը պետք է համապատասխանի կազմակերպության 10 չափանիշներից մեկին կամ մի քանիսին։

Տասը չափանիշներից վեցը վերաբերում են մշակութային հուշարձաններին, իսկ մնացած չորսը՝ բնական հուշարձաններին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում նշվում է, որ Վարձիա-Խերթվիսին համապատասխանում է տասից վեց (II, III, IV, V, VI, VII) չափանիշներին։

«ՅՈՒՆԵՍԿՕ»-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու համար հուշարձանն անցնում է հինգ փուլ։ Առաջին փուլը ներկայացուցչական ցուցակն է, որում ներկայումս ընդգրկված է Վարձիա-Խերթվիսին։ Հաջորդ փուլը առաջադրման պորտֆեյլի պատրաստումն է, որը պետք է պատրաստի հուշարձանը ներկայացնող երկիրը, որը կքննարկեն Խորհրդի անդամ կազմակերպությունները։ Քննարկման ավարտից հետո հավաքվում է Համաշխարհային ժառանգության միջկառավարական կոմիտեն, որը վերջնական որոշում կայացնի։ Գործընթացի ավարտին «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի մշտապես մշտադիտարկում և վերանայում է առկա չափանիշները։

Կորած ներդրում

Հրապարակախոս Կուկուրի Մետրևելին ճիշտ չի համարում զանգվածային շինարարությունները դադարեցնելը, նա Վարձիայի դիմաց 2400 քմ մակերեսով հյուրանոց է կառուցել։ Ասում է, որ հողը գնել է Խորհրդային Միության փլուզումից հետո։

Նա կարծում է, որ շահագրգիռ անձանց պետք է թույլ տալ բիզնեսով զբաղվել։

«Իմ հյուրանոցի հետևում պատշգամբներ կան, հողը թեք է, և ես ուզում էի խաղող աճեցնել, փորձեցինք Էկոնոմիկայի նախարարության հաշվեկշռից այս հողը տեղափոխել քաղաքապետարանի հաշվեկշիռ, բայց՝ ապարդյուն։ Քաղաքապետարանում մեզ ասացին, որ Վարձիայի տարածքում գլխավոր պլան է մշակվում, և մինչև այն չավարտվի, հողը չի տրվի։ Մենք էլ համբերատար սպասում ենք, բայց մյուսները նույն հողատարածքի համար դիմում են ներկայացնում։ Դեռ չեն հասցրել օրինականացնել, բայց դա էլ կհաջողվի անել։ Նախ, ինչու՞ է այս գլխավոր պլանն այսքան ժամանակ մնացել անպատրաստ: Կամ ինչո՞ւ է այս հովիտը այդքան չզարգացած։ Այստեղ ոչինչ չկա, ոչ ենթակառուցվածքներ, ոչ միջավայր, որ մարդիկ գան ու մնան։ Մարդիկ գալիս են, Վարձիան տեսնում ու գնում»,- ասում է Կուկուրի Մետրևելին։

Վարձիայից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա մեղվաբույծ Գուրամ Զեդգինիձեն անհաջող փորձում է օրինականացնել վարձակալած հողատարածքը։ Ասում է՝ իրավունք չեն տալիս միայն այն պատճառով, որ տարածքը գտնվում է երկու վանքերի միջև։ Սակայն նույն հատվածում՝ Մտկվարիից այն կողմ [Ափնիա գյուղի տարածքում] հյուրանոց է կառուցվում։

«Գնելու համար դիմել եմ 15-20 տարի առաջ։ Վարձակալել եմ և ամեն տարի հարկ եմ վճարում։ Գիորգի Գախարիայի վարչապետության օրոք հրահանգ էր տրվել վարձակալներին թույլ տալ ուղիղ գնումներ անել՝ առանց մրցակցության: Ես դիմում էի ներկայացրել, ուզում էի հողագործությամբ զբաղվել, բայց Հուշարձանների պահպանության նախարարությունից պատասխան ստացա, որ այս տարածքը կարմիր գոտում է, և իրավունք չունեն այդպես տալու։ Հետաքրքիր է՝ Վարձիայից 300 մետր հեռավորության վրա Մտկվարիից այն կողմ կարմիր գիծ չկա՞, իսկ ես Վարձիայից մեկ կիլոմետր եմ հեռու, և այստեղ կարմիր գիծ կա»,- ասում է Գուրամ Զեդգինիձեն։

Հատկանշական է այն փաստը, որ Վարձիայի հակառակ կողմում 120 սենյականոց հյուրանոցի շինարարությունը գերատեսչության կողմից դադարեցվել էր 2019 թվականին՝ գլխավոր պլանի բացակայության և նախագահող հանձնաժողովի ակտիվ բողոքի պատճառով։

Ընկերության 50%-ի սեփականատերը ռուս գործարար Սոսո Օրջոնիկիձեն է, որը ծագումով Բորջոմիից է։ Նա 2016 թվականին Վարձիայի պատմական համալիրի դիմաց աճուրդով գնել է 13 873 քմ հողատարածք, իսկ 2018-ին՝ Ասպինձայի քաղաքապետարանից և Հուշարձանների պահպանության գործակալությունից խնդրել է ստորգետնյա հյուրանոց կառուցելու, ճանապարհներ կազմակերպելու և կանաչապատման թույլտվություն։ Թույլտվությունը տրվել է միայն կանաչապատման համար, աշխատանքները նույնպես սկսվել են, սակայն գործակալությունը համարել է, որ դա ոչ թե կանաչապատման, այլ հյուրանոցի շինարարական աշխատանքներ են և 2019 թվականի մարտի 29-ին պահանջել է այն կասեցնել։

2019 թվականին գործակալությունը հայտարարել էր, որ նշված տարածքը պետք է վերադարձվի իր սկզբնական տեսքին, սակայն գործակալության հանձնարարականները մինչ օրս չեն կատարվել։

Նշված հյուրանոցի կառուցմանը դեմ է եղել նաև Սակդրիսիի կոմիտեն։ Նրա անդամ Նինո Բուրչուլաձեն ասում է, որ դա կլինի խոչընդոտող գործոններից մեկը, որպեսզի Վարձիան ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում.

«Ինչպես գիտեք, Վարձիայի թանգարան-արգելոցը ազգային նշանակության մշակութային ժառանգության հուշարձան է, որն ունի 500 մետր տեսողական պահպանության գոտի։ Հյուրանոցը, որի շինարարությունը մեզ հաջողվեց կանգնեցնել, հենց այս տարածք է մտած։ Ուզում եմ ձեզ ասել, որ հուշարձանը պարզապես հուշարձան չէ, այն ընկալվում է ամբողջ միջավայրով հանդեձ։ Ուստի մեզ համար անընդունելի էր Վարձիայի տեսողական ընկալման ավաղաղումը։ Հանրությանը միգուցե հայտնի չէ, որ Վարձիան, չնայած բազմաթիվ փորձերին, չի կարող ներառվել համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում, դրա հիմնական պատճառը Վարձիայի քաղաքաշինական փաստաթղթի բացակայությունն է, նկատի ունեմ տարածքային դասավորության փաստաթուղթը։ Ուստի, մինչ այս փաստաթղթի ստեղծումը, ցանկացած խոշոր շինարարություն ևս մեկ լրացուցիչ խոչընդոտ կլինի Վարձիան «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի ցանկում ընդգրկելու համար։

Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել իշխանություններին և հասարակությանը, որ Վարձիան իսկապես արժանի է համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում լինելուն։ Հետևաբար, առաջին հերթին միգուցե կազմվի տարածքային դասավորության փաստաթուղթը, ինչը լուրջ քայլ կլինի ի օգուտ Վարձիայի»,- ասում է նա։

Նրա խոսքով, Սակդրիսիի կոմիտեն դեմ չէ Վարձիայի շրջակայքում բիզնեսի զարգացմանը։

«Ուզում եմ ընդգծել, որ մենք բիզնեսի զարգացմանը դեմ չենք։ Մենք պահանջում ենք պահպանել հուշարձանների վերաբերյալ օրենքը։ Կոնկրետ հյուրանոցի հետ կապված մենք հայտարարեցինք, որ եթե տարածքային դասավորության փաստաթուղթը թույլ է տալիս նման վայրերում շինարարություն իրականացնել, և եթե «ՅՈՒՆԵՍԿՕ»-ն համաձայնի, ապա մենք, իհարկե, դեմ չենք լինի։ Կա ևս մեկ շատ կարևոր փաստ։ Վարձիայի շրջակայքում գտնվող ամբողջ հողատարածքը վաճառվել է, եթե նախադեպ ստեղծվեր Վարձիայի տեսողական պաշտպանության գոտում շինարարություն իրականացնելու, ապա դա լրացուցիչ դրդապատճառ կլիներ այլ հողատերերի համար՝ սկսելու մեծ շինարարական գործընթացներ, նույնիսկ օրենքի խախտմամբ։ Այս ամենը մեզ լավ արդյունքի չէր տանի»։

Ինչ վերաբերում է Վարձիայի մուտքի մոտ գտնվող փոքր սրճարան-ռեստորաններին, որոնք կառուցվել են մոտ 13 տարի առաջ, և դրանց մի մասը շինարարության թույլտվություն չունի։

«Ինչպես ասում են՝ այն արդեն «նստած» է միջավայրում, թեև այնտեղ լրացուցիչ այսպես կոչված «տաղավարների» կամ նմանատիպ այլ օբյեկտների ավելացումը չպետք է խրախուսվի»,- ասում է Բուրչուլաձեն։

Գլխավոր պլանի բացակայությունը խանգարում է ներդրողների ներգրավմանը, այս մասին Սամցխեի պատգամավորը դեռ 2022 թվականին խորհրդարանում ունեցած իր ելույթում է ասել․

«Այս փուլում մենք բոլոր ներդրողներին ճանապարհում ենք մերժումով, քանի որ չունենք զարգացման ընդհանուր պլան, հետևաբար չենք կարող ներդրողին ասել, թե ինչ կարելի է անել։ Հետաքրքրությունը մեծ է, և գլխավոր պլանի առկայությամբ մենք հնարավորություն կունենանք լավ ներդրողներ ներգրավել մարզ։ Հակառակ դեպքում, մենք ընդունում ենք Վարձիայի շրջակայքում քաոսային զարգացում և ապօրինի շինարարություն»։

Այն ժամանակ ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն պատասխանել էր․

«107 տարածքային փաստաթուղթ է մշակվել, ես գիտեմ, որ էկոնոմիկայի նախարարությունը, որի ղեկավարության տակ է վերադարձել Տարածքային կարգավորման վարչությունը, ակտիվորեն պատրաստվում է զարգացնել համապատասխան վայրերը, այդ թվում են նաև այդ վայրերը, և վստահ եմ, որ շուտով նոր հնարավորություն կլինի, այն հնարավորությունը՝ ինչի մասին դուք խոսում էիք»։

Ո՞վ է աչք փակում պատմական հուշարձանների վնասների վրա

Վարձիայի պաշպանության գոտում կան երկու կարևորագույն հուշարձաններ՝ «Վանիս Քվաբեբի» (Վահանավանք) և «Թավկվեթուլայի վանքը», և երկուսում էլ հոգև որականները ապօրինի աշխատանքներ են իրականացրել։

2018 թվականին «Վանիս քվաբեբի»-ում գտնվող վանքի վանահայր Մաթե Վաշակմաձեն «Հարավային դարպասին» ասել է, որ մետաղյա դռներ և պատուհաններ են տեղադրել, իսկ սեղանատան պատը կառուցվել է 2012 թվականին՝ գործակալության թույլտվությամբ։ Սակայն, գործակալությունում այն ժամանակ ոչ նախկին, ոչ ներկայիս ղեկավարները չկարողացան հիշել, որ համապատասխան թույտվությւոն է տրվել։


Լուսանկարն արվել է 2018 թվականին

Այն ժամանակ փաստաբանները պնդում էին, որ ազգային նշանակության պատմական հուշարձանի վրա ապօրինի շինարարությունը, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 88-րդ հոդվածով պատժվում է 12 000 լարի տուգանքով։

Սակայն այն ժամանակ նրանք միայն բանավոր նախազգուշացում էին ստացել Մշակութային ժառանգության և հուշարձանների պահպանության գործակալությունից։

«Հոգևորականներին զգուշացնելուց հետո այլևս նման բան չի կրկնվել։ Նրանք մեզ խոստացան, որ առանց մեզ հետ պայմանավորվածության ոչինչ չի փոխվի։ «Վանիս Քվաբեբի»-ի վերականգնումը սկսվելուց հետո այս դռներն ու պատուհանները նույնպես կփոխվեն»,- 2018 թվականին ասել է Մշակութային ժառանգության և հուշարձանների պահպանության գործակալության արդեն նախկին ղեկավար Նիկոլոզ Անթիձեն։

2018 թվականին հաճախակի դարձած քարաթափության պատճառով «Վանիս Քվաբեբի» վանական համալիրը փակ էր այցելուների համար։ Դրանից հետո անցել է հինգ տարի, սակայն հուշարձանի վերականգնումը չի սկսվել։

Ինչ վերաբերում է «Թավկվեթուլա վանքին», ապա, ինչպես տեղացիներն են ասում, հոգևորականը եկեղեցու տակ 18 մետրանոց թունել է փորել։ Բացի այդ, նա մի քանի քարե սյուներ է տեղադրել հուշարձանի ճակատային մասում։ Վանական Իոանեն «Հարավային դարպասին» ասել է, որ բացօթյա խորան է կառուցում, և չնայած Մշակութային ժառանգության գործակալության բազմաթիվ զգուշացումներին՝ նախատեսում է ավարտին հասցնել աշխատանքը։

«Ես ոչ մի բանի չեմ համաձայնվել, ես երկրի գործն եմ անում։ Ես ինչ-որ բան եմ փչացնում, թե՞ ավելի լավ բան կարող են կառուցել: Ի՞նչ պայմանավորվեմ Մշակութային ժառանգության գործակալության հետ: Գործակալությունը սարքեց Վարձիան և որքա՞ն արժե այնտեղ մուտքը՝ 15 լարի։ Ես էլ ցեխ դնե՞մ։ Գումար վաստակե՞մ: Սա կլինի ծածկված բաց խորան որտեղ կաղոթենք, ոչ մի լանդշաֆտ չի փոխվի։ Կլինի ժայռի գույների մեջ, ես ինքս նկարիչ եմ, այնպես կանեմ, որ ոչինչ չփոխվի։ Պատշգամբներ եմ սարքել,  խաղողի վազեր ու ընկույզներ տնկել, արահետ բացեցի, աստիճաններ, նստարաններ ու պարիսպ կառուցեցի։ Ի՞նչ վատ բան կա դրա մեջ, ես չեմ հասկանում: Այն կառուցվում է ժողովրդի, հավատավորների համար։ Մարդիկ կգան, կաղոթեն ու կուրախանան»,-  ասում է վանական Իոանեն [աշխարհական կյանքում Իրակլի Պաիճաձե]։

Տեսանյութը սոցցանցում է հայտնվել 2022 թվականին

Հայտնի չէ, թե արդյո՞ք հոգևորականների վերոնշյալ գործողությունները կդառնան ևս մեկ խոչընդոտ «ՅՈՒՆԵՍԿՕ» մտնելու համար։

«Հարավային Դարպաս»-ն բազմիցս կապ է հաստատել ու գրել Մշակույթի նախարարությանն ու Հուշարձանների պահպանության ազգային գործակալությանը, սակայն այս գերատեսչություններից հրաժարվում են մեկնաբանել։