Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն ասել է, որ գերատեսչությունը սպասում է բժիշկների եզրակացություններին՝ Սաակաշվիլիին «Վիվամեդի» կլինիկայից բանտ վերադարձնելու համար, որտեղ նա գտնվում է անցյալ տարվա մայիսից։ Այս մասին փոխանցում է newsgeorgia.ge-ն։
«Նրա առողջական վիճակը բարելավվել է, մենք ուրախ ենք դրա համար, և երբ բժիշկների կողմից համապատասխան առաջարկություններ լինեն, նրան կտեղափոխեն քրեակատարողական հիմնարկ»,- ասել է Բրեգաձեն։
Նախարարի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Եվրոպայի ամենամեծ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) բանաձև է ընդունել, որով Վրաստանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել Միխեիլ Սաակաշվիլիին առողջական խնդիրների պատճառով։
ԵԺԿ-ի միջազգային քարտուղար Զուրաբ Ճիաբերաշվիլին ասել է, որ Սաակաշվիլիի առողջությունը դեռ վտանգի տակ է, սակայն առաջնային պատճառը քաղաքական հետապնդումն է։
Վրաստանի ՄԻՊ գրասենյակին կից բժիշկների խումբը վերջերս դրական դինամիկա է նկատել Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի մեջ, սակայն նշել է, որ ընդհանուր տագնապալի պատկերը պահպանվում է, և նա մշտական բժշկական հսկողության կարիք ունի։