Վրաստանի հանրային դպրոցներում ու մանկապարտեզներում այսօրվանից սկսվել է ուսումնական գործընթացը։
Թբիլիսիի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ 2022-2023 ուսումնական տարվանից մայրաքաղաքի մանկապարտեզներում չեղյալ են հայտարարվել կորոնավիրուսի համավարակի ժամանակ ներդրված պարտադիր կանոնները։ Covid-կանոնակարգերը, որոնցով առաջնորդվում էին նախադպրոցական հաստատությունները վերջին երկու տարիներին, այժմ խորհրդատվական բնույթ են կրում:
Այսօր ծնողներին թույլ են տվել մուտք գործել մանկապարտեզի տարածք և շենք։ Բացի այդ, ծնողները հնարավորություն կունենան հանդիպելու դաստիարակչուհու հետ և ծանոթանալու մանկապարտեզում տիրող իրավիճակին։
Մանկապարտեզներում այլևս ջերմաչափում չի կատարվում, բայց աշխատակիցների թեստավորումը մնում է ուժի մեջ: Վերջիններս երկու շաբաթը մեկ անգամ COVID-19-ի թեստ կհանձնեն։
Բացի այդ, քաղաքապետարանը տեղեկացրել է մայրաքաղաքի Իսանի թաղամասի Սաինգիլո փողոցում գտնվող 230 երեխայի համար նախատեսված ժամանակակից մանկապարտեզի բացման մասին։
Շենքը հարմարեցված է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար և համալրված է երեխաների անվտանգության միջազգային և տեղական բոլոր ստանդարտներին համապատասխան՝ հրդեհային անվտանգության և տեսահսկման համակարգերով, պաշտպանիչ ցանցերով, ինչպես նաև էկրանով, որի միջոցով ծնողները կարող են հետևել խոհարարական բաժնում խոհանոցում տիրող իրավիճակին և սննդի պատրաստման գործընթացին: Մանկապարտեզն ունի բարեկարգված բակ՝ խաղահրապարակներով և ատրակցիոններով։
Թբիլիսիում գործում է 187 մունիցիպալ մանկապարտեզ, որտեղ հաճախում է 61000 երեխա և զբաղված է 11000 աշխատակից։