Վերջին մի քանի օրերի ընթացքում Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, համապատասխան գերատեսչությունների հետ համակարգված, Վրաստանից արտաքսել են 83 օտարերկրյա քաղաքացու։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
«Միգրացիայի վարչության կողմից իրականացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է Ադրբեջանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Եթովպիայի, Եգիպտոսի, Իրաքի, Հնդկաստանի, Բուրունդիի, Պակիստանի, Քենիայի, Բուլղարիայի, Բանգլադեշի, Հորդանանի, Նիգերիայի, Հայաստանի, Ուզբեկստանի, Չինաստանի և այլ երկրների 83 քաղաքացի։
Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։
Ներքին գործերի նախարարությունը շարունակում է ագրեսիվ պայքար մղել երկրում անօրինական միգրացիայի դեմ։ Վերջին վիճակագրության համաձայն՝ միայն այս տարի Միգրացիայի վարչության աշխատակիցներն արդեն արտաքսել են երկրից ավելի քան 3000 մարդու», — ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։



