2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանից արտահանվել է 5․42 միլիարդ ԱՄՆ դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 980 միլիոն դոլարով կամ 22 տոկոսով ավելի է։ Արտահանման հիմնական ապրանքներն են՝ կրկին թեթև մարդատար ավտոմեքենաները, նավթն ու նավթամթերքը և այլն։
Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության նախնական տվյալներով՝ արտահանման աճին զգալիորեն նպաստել են նավթն ու նավթամթերքը, ինչպես նաև թանկարժեք մետաղների հանքաքարերի և խտանյութերի, ֆեռոհամաձուլվածքների ու պղնձի հանքաքարերի արտահանման աճը։ Սակայն արտահանման ամենախոշոր կատեգորիայում՝ մարդատար ավտոմեքենաների դեպքում, արձանագրվել է զգալի նվազում։
Արտահանվող ապրանքների շարքում առաջին տեղում շարունակում են մնալ մարդատար ավտոմեքենաները, թեև դրանց արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 22 տոկոսով և կազմել 1․35 միլիարդ դոլար։
Երկրորդ տեղում են նավթն ու նավթամթերքը, որոնց արտահանման ծավալը հասել է 688․9 միլիոն դոլարի։ 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին այդ ցուցանիշը կազմում էր 59 միլիոն դոլար, ինչը նշանակում է 1068 տոկոս աճ։
Երրորդ տեղում են թանկարժեք մետաղների հանքաքարերն ու խտանյութերը։ Դրանց արտահանման ծավալը կազմել է 403․1 միլիոն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 69 տոկոսով։
Արտահանման շուկաների շարքում առաջին տեղում է Ղրղզստանը, որտեղ Վրաստանից արտահանվել է 577․6 միլիոն դոլարի ապրանք։ Նրան հաջորդում են Չինաստանը՝ 543․7 միլիոն դոլար և Ռուսաստանը՝ 500․7 միլիոն դոլար։
Միևնույն ժամանակ, Ղրղզստան արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 38․8 տոկոսով, Չինաստան արտահանումն աճել է 177․3 տոկոսով, իսկ Ռուսաստան՝ 4․1 տոկոսով։
Վրաստանի արտահանման խոշորագույն շուկաների տասնյակում են նաև Ադրբեջանը՝ 484․5 միլիոն դոլար, Հայաստանը՝ 443 միլիոն դոլար, Ղազախստանը՝ 388․5 միլիոն դոլար, Թուրքիան՝ 328․9 միլիոն դոլար, Բուլղարիան՝ 164․2 միլիոն դոլար, Իրանը՝ 161․9 միլիոն դոլար և Տոգոն՝ 136․9 միլիոն դոլար։
Ընդհանուր առմամբ, 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 17․93 միլիարդ դոլար, որից 12․5 միլիարդ դոլարը բաժին է ընկել ներմուծմանը։
Նյութը՝ bizzone.info-ի



