նորություններ 21 Սեպտեմբերի, 2026 • Վրաստանում սոցիալական օգնություն ստացողների թիվը հունվարից նվազել է 140 հազարով

Օգոստոսին սոցիալական նպաստ ստացողների թիվը ևս 6 հազարով նվազել է՝ հասնելով 570 հազարի, իսկ հունվարի համեմատ միասնական բազան կրճատվել է 140 հազարով, հայտնում է Netgazeti-ն։

Վերջին հինգ տարիների ընթացքում սոցիալական օգնություն ստացողների թիվը գրեթե անընդհատ աճել է (բացառությամբ 2023 թվականի), սակայն 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նրանց թիվը կտրուկ՝ 20%-ով նվազել է։

Սոցիալական օգնությունը պետության կողմից ստեղծված ֆինանսական մեխանիզմ է, որի նպատակն է նյութական աջակցություն տրամադրել աղքատության շեմից ցածր ապրող ընտանիքներին, որպեսզի նրանք կարողանան բավարարել նվազագույն սպառողական կարիքները։ Համակարգի շահառուները բաժանվում են երկու խմբի․

Կենսապահովման նպաստ ստացողներ՝ քաղաքացիներ, որոնց օգնությունը տրամադրվում է անմիջականորեն՝ ծայրահեղ ծանր տնտեսական վիճակի պատճառով։

Հանրային աշխատանքների միջոցով զբաղվածության պետական ծրագրի մասնակիցներ՝ քաղաքացիներ, որոնց սոցիալապես անապահովի կարգավիճակը երաշխավորված պահպանվում է 4 տարվա ընթացքում։

8 ամսվա ընթացքում ուղղակի օգնություն ստացողների թիվը նվազել է 10%-ով, իսկ ծրագրի մասնակիցներինը՝ 38%-ով։ Միևնույն ժամանակ, հուլիս-օգոստոս ամիսներին ուղղակի օգնություն ստացողների թիվը, նախորդ ամիսների նվազումից հետո, կրկին աճել է գրեթե 17 հազարով։

2019 թվականի դեկտեմբերին սոցիալական օգնություն էր ստանում 427 հազար մարդ։ Համավարակի ընթացքում սահմանվել էր ընտանիքների վերաստուգման մորատորիում, ինչի հետևանքով բազայում նոր մարդիկ էին ավելանում, իսկ նախկին շահառուները դրանից չէին հանվում։ 2022 թվականին մեկնարկեց քառամյա պետական ծրագիրը։ 2025 թվականին օգնություն ստացողների թիվը գերազանցեց 700 հազարը։ 2026 թվականից սկսվեց նվազման միտումը։

Նույնպես 2026 թվականից վերացվել է սոցիալապես անապահով անձանց զբաղվածության այսպես կոչված «ֆիկտիվ ծրագիրը», որի համար 4 տարվա ընթացքում պետական բյուջեից ծախսվել է 407 միլիոն լարի։ Նախաձեռնությունը կապվում էր նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի անվան հետ։ Դրա շրջանակներում դպրոցներում պահակների և գերեզմանատների հսկիչների հաստիքներն արհեստականորեն ավելացվում էին, իսկ գյուղերից մեկում ծրագրով աշխատանքի ընդունված աշխատակիցները նույնիսկ տանկ էին լվանում։ 2026 թվականին ծրագիրը դադարեցվեց, իսկ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում ընդունեցին, որ զբաղվածությունը ֆիկտիվ բնույթ էր կրում։

Նպաստ ստացողների թվի աճն ընդդիմադիր ուժերը հաճախ կապում էին ընտրական ցիկլերի հետ, սակայն «Վրացական երազանք»-ում նման մեղադրանքները մշտապես հերքում էին։

Սոցիալական օգնության շահառուների թվի կրճատումը կարելի է մեկնաբանել երկու կերպ․ քաղաքացիները հաղթահարել են աղքատության շեմը և այլևս պետական աջակցության կարիք չունեն, կամ քաղաքացիները շարունակում են մնալ աղքատ, սակայն պետությունը դադարել է նրանց օգնություն տրամադրել։

Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՆԱ-ն աճել է 7,9%-ով, սակայն զբաղվածների թիվը նվազել է ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ եռամսյակներում։ Գնաճը հաշվի առնելով՝ երկրորդ եռամսյակում իրական աշխատավարձն աճել է ընդամենը 2%-ով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝