2023 թվականի սկզբից մինչ օրս Նինոծմինդայի մունիցիպալիտետում 10 ամսում ծնվել է 219 երեխա։
Ինչ վերաբերում է սեռային վիճակագրությանը մունիցիպալիտետում, ապա 10 ամսում ծնվել է 109 տղա և 110 աղջիկ։
Նինոծմինդայի մունիցիպալիտետում ծնելիության մակարդակը վերջին մի քանի տարիների ընթացքում նվազել է։ Եթե համեմատենք 2018 թվականի ծնելիության հետ, ապա Նինոծմինդայի մունիցիպալիտետում ծնվել է 305 երեխա, իսկ 2023 թվականին 10 ամսում ծնվել է 219 երեխա։
Քաղաքի և գյուղական համայնքների ծնելիության տվյալները հետևյալն են. 49 երեխա ծնվել է Նինոծմինդա քաղաքում, Գանձայի գյուղական համայնքում՝ 38 երեխա, Սաթխայի գյուղական համայնքում՝ 29 երեխա, Գորելովկայում՝ 28 երեխա, Գոնդուրայի գյուղական համայնքում՝ 26 երեխա, Խանչալիի գյուղական համայնքում՝ 17 երեխա, Հեշտիայի գյուղական համայնքում՝ 11 երեխա, Փոկայի գյուղական համայնքում՝ 9 երեխա, Ջիգրաշենի գյուղական համայնքում՝ 7 երեխա, Տամբովկա գյուղական համայնքում՝ 5 երեխա:
Նինոծմինդայի քաղաքապետարանի կողմից նորածին երեխաներին հատկացվող միանվագ գումարը կազմում է 300 լարի։ Իսկ պետբյուջեից հատկացվող գումարը, որը տրամադրվում է Սոցիալական ապահովության գործակալությունից առաջին կամ երկրորդ երեխայի համար, երեխայի կյանքի առաջին տարվա ընթացքում ամսական 100 լարի է։ Երրորդ և հաջորդ երեխայի համար ընտանիքները երեխայի կյանքի առաջին երկու տարիների համար ստանում են ամսական 200 լարի։
Հավելենք, որ 2020 թվականի նոյեմբերից Նինոծմինդա քաղաքի կլինիկայում դադարել է գործել ծննդաբերական բաժանմունքը։ Ծննդաբերող կանանց ուղղորդում են Վրաստանի ցանկացած ծննդատուն՝ Ախալքալաք, Ախալցիխե կամ Թբիլիսի: Փոխանցում է «NOR» ռադիոն։