Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Շերազ Գասրին՝ համագործակցության կցորդ Լեոնորա Ֆունդի և Ֆրանս ինստիտուտի ներկայացուցիչ Նաթիա Մսխալաձեի հետ միասին, ժամանել է Ախալքալաք, Սամցխե-Ջավախք երկօրյա այցի շրջանակներում: Նա հանդիպել է տեղական ՀԿ-ների և ԶԼՄ-ների, ինչպես նաև ֆրանսիական հիմնադրամների աջակցած կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Սա Շերազ Գասրիի առաջին այցն է Վրաստանի շրջաններ՝ որպես դեսպան։ Նա ժամանել է Սամցխե-Ջավախք՝ ավելին իմանալու «Վրաստանի սպեցիֆիկ շրջանի մասին, որն ունի իր պատմությունը, իր բազմազանությունը», հանդիպելու մարդկանց, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության, ուսանողների հետ և խրախուսելու տեղացիներին սովորել ֆրանսերեն, սովորել Ֆրանսիայում, որպեսզի այնտեղ էլ ավելին իմանան Սամցխե-Ջավախքի մասին։

«Սա բազմազան շրջան է՝ բազմաթիվ էթնիկ փոքրամասնություններով, մենք ցանկանում ենք իմանալ, թե ինչպես են նրանք ապրում և ինչ կարող ենք անել նրանց աջակցելու համար, ինչ կարող են անել Եվրամիությունն ու մեր բոլոր պետությունները՝ հիմնվելով այստեղի սպասելիքների վրա», – ասաց Շերազ Գարսին Jnews-ի հետ զրույցում:

Հասարակական սեկտորի և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որին մեկական ներկայացուցիչներ կային Ախալքալաքի և Նինոծմինդայի ՀԿ-ներից և լրատվամիջոցներից, քննարկվեցին տարբեր թեմաներ՝ կրթությունից ընդհուպ մինչև գյուղատնտեսություն։ Քննարկվել են համագործակցության տարբեր հնարավորություններ և ծրագրեր։

Դեսպանը և նրա պատվիրակությունը այցելեցին նաև Վրաստանի ՀԱԵ-ի Սամցխե-Ջավախքի փոխանորդության սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների վերականգնողական կենտրոն, ինչպես նաև երկու ֆերմաներ, որոնք արդեն 12 տարի համագործակցում են ֆրանսիական ընկերությունների հետ, դեսպանը նաև հանդիպում է նախատեսում Ախալցիխեի մունիցիպալիտետի քաղաքապետի հետ և այցելություն Աբասթումանիի աստղադիտարան։