Թբիլիսիի կենտրոնում՝ Ճավճավաձեի պողոտայում, կրիպտոարժույթների փոխանակման Tonwex կենտրոնում խոշոր կողոպուտ է տեղի ունեցել։ Տեղեկատվությունը տարածել է Mtavari հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ մի խումբ մարդիկ կրիպտոարժույթ էին կանխիկացնում, այդ պահին մոտեցել է մեկ այլ խումբ և նրանցից 800 հազար դոլար վերցրել։

Ականատեսները պատմում են, որ կրակոցներ չեն եղել, և փոխանակման ժամանակ լարված ընդհարումը տևել է մի քանի րոպե: Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, հաղորդում է հեռուստաալիքը, սակայն ՆԳՆ-ն դեռ որևէ մեկնաբանություն չի արել։

Կրիպտո բորսայի վարչությունը նույնպես ձեռնպահ է մնում հայտարարություններ անելուց։