5-ամյա Աննա Դավթյանը վերջերս առաջին անգամ այցելեց մատուռ, որը տեղացիներն անվանում են «Վանք» կամ «Ճգնավոր»։ Այնտեղ ամեն ինչ թափթփված էր։ Աննան հարազատների և ընկերների հետ վերադարձավ Վանք այնտեղ կարգի բերելու։

Աննան մատուռն այս վիճակում է տեսել օրեր առաջ

«Աննան ասաց՝ արի մաքրենք, ինչո՞ւ են ավիրել Աստծո տունը»,- պատմում է Աննայի հորաքույրը՝ Շուշան Բաղդասարյանը։

Բայց այդ օրը նրանք չկարողացան մաքրել, քանի որ ցուրտ էր, և նրանք չունեին մաքրություն անելու համար անհրաժեշտ իրեր։ Վերադառնալով և Աննայից անընդհատ լսելով, որ պետք է «Աստծո տունը» կարգի բերել՝ Շուշանը որոշեց ակցիա կազմակերպել, մաքրելու մտահղացման մասին հայտարարեց Instagram-ի իր էջում, շատ արձագանքներ եղան, շատերն ասացին, որ ուզում են միանալ։ Բայց Շուշանը մտածելով, որ շատ մարդիկ կարող են նույնիսկ խանգարել միմյանց, ոչ բոլորին տեղեկացրեց ակցիայի անցկացման ժամի մասին:

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, երբ եղանակը պարզ էր, Աննան 3 մեծահասակների և 3 դպրոցական տարիքի ընկերների հետ վերադարձավ «Աստծո տուն»՝ այն կարգի բերելու։


«Ամեն ինչ թափթփված էր, շատ բան ջարդված էր, ջարդված արձանիկների և պատառոտված սրբապատկերների մեծ կույտեր էր հավաքվել։ Ամեն ինչ պահպանեցինք, ինչը չէր փչացրած կոկիկ դասավորեցինք, իսկ ջարդված ու պատառոտվածները հավաքված դրեցինք անկյունում։ Վանքից միայն ցելոֆաններն ու թղթերը հանեցինք, որոնք մոմերը հանելուց հետո դեն են նետում, մի քիչ էլ բակում կարգի բերեցինք»,- պատմում է Շուշանը։

Աննայի ցանկությունն իրականացավ, թեև վերջին պահին մոռացավ այնտեղ տանել այն նկարները, որոնք նկարել էր հատուկ Վանքի համար, բայց նա դեռ կվերադառնա այնտեղ։

2018 թվականին Ախալքալաք քաղաքի և Բավրա գյուղի միջև, ձորում գտնվող մատուռը, որը հայտնի է Վանք կամ Ճգնավոր անվանումով, ճանաչվել է Վրաստանի մշակութային ժառանգության անշարժ հուշարձան։ Մատուռը տեղացիների սիրելի ուխտատեղի է, սակայն որոշ մարդիկ վնասում են այն, 5-ամյա Աննայի պես մաքրելու փոխարեն: