Այսուհետ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում իր հոգևոր ծառայությունը կմատուցի Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, իսկ եկեղեցու նախկին քահանա Տեր Տաթև Մարուքյանը առողջական խնդիրների պատճառով իր հոգևոր գործնեությունը կշարունակի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում:
Կիրակի օրը, դեկտեմբերի 9-ին Վիրահայոց թեմի առաջնորդը Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հավատացյալներին ներկայացրեց նորաօծ և նորանշանակ քահանա Տեր Նարեկին: Միաժամանակ առաջնորդն իր գնահատանքի և օրհնության խոսքը բերեց Սուրբ Խաչ եկեղեցու երկարամյա հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանին, ով անխոնջ քահանայական ծառայությամբ վաստակել է ժողովրդի և հոգևոր դասի սերն ու վստահությունը:
Թեմակալ առաջնորդը պարզաբանում է Տեր Տաթևի տեղափոխությունը
Սուրբ Խաչ եկեղեցու քահանայի տեղափոխությունը փոխհամաձայնեցված է
«Վիրահայոց թեմում նոր նշանակումներ տեղի ունեցան, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ նշանակվեց Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը: Իսկ Տեր Տաթևն իր դիմումի համաձայն նշանակվեց Հավլաբարի Սբ Էջմիածին եկեղեցում, որպես հոգևոր հովիվ և Հայարտան տեսուչ և երրորդ նշանակումը Տեր Հուսիկ քահանային առաջնորդի օգնական միջեկեղեցական, միջհամայնքային հարցերով: Տեր Տաթևն ինձ նամակ է գրել, որ ելնելով ընտանեկան իրավիճակից, իր և երեցկնոջ առողջական խնդիրներից՝ խնդրում է, որ իրեն տեղափոխենք Թբիլիսի», – ասաց Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
9-ը երկար ու ձիգ տարիների նվիրական ծառայությունից հետո Տեր Տաթև քահանա Մարուքյանը տեղափոխվեց Թբիլիսի: Վերջինս մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իր տեղափոխությունը որևէ ենթատեքստ չունի և բացառապես պայմանավորված է իր և երեցկնոջ առողջական խնդիրներով:
«9 տարիներ շարունակ, ծառայելով Ախալքալաքում և հարակից համայնքներում, միայն ու միայն դրական ծառայություն եմ ունեցել, հրաշալի, պատմական տարիներ էր Ջավախքի համար հոգևոր առումով, մենք այն սերունդն էինք, որ տեսանք խոնարհված եկեղեցիների վերաօծումը: Ես Ջավախքից միայն ջերմություն եմ տեսել, սեր ու գնահատանք, իրենց հոգևորական սատար կանգնելու՝ բարոյական, հոգեբանական, ամեն ձև իրենց աջակցությունը տեսել եմ: Անընդհատ պայքարում էինք, որ ընտանիքով լինենք Ախալքալաքում, ինչը ցավոք սրտի առողջական խնդիրներից ելնելով այլևս չէր կայանում: Մենք ընտանիքով որոշում կայացրեցինք, առողջական խնդիրները Թբիլիսիում կարգավորելու համար մնանք այնտեղ», – ասաց արդեն Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը:
Այսօրվա դրությամբ Վիրահայոց թեմում ծառայում է 18 հոգևորական՝ 17 քահանա և 1 աբեղա, իսկ Ջավախքում՝ 9 քահանա և 1 աբեղա:
Jnews-ի այն դիտարկմանը, թե արդեն մեկ տարի է անցել Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, և մինչ օրս Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը նոր փոխանորդ չունի, թեմակալ առաջնորդն ասաց. «Վեհափառի հետ հոկտեմբերից ակտիվ քննարկում ենք, որ նա խոստացել է և կփորձի, որ մինչև տարեվերջ Հայր Սուրբ նշանակվի: Մենք լիահույս ենք»:
Աղունիկ Այվազյան