Այս օրերին Ախալքալաքի շրջանի թվով 22 դպրոցներում տնօրենների ընտրություններ են ընթանում։ Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը հաստատել է դպրոցների տնօրենների հավաստագրված թեկնածուների ցանկը, որոնք առաջադրվել են Հոգաբարձուների խորհուրդ, որպեսզի ընտրվեն և հաստատվեն արդեն Խորհրդի կողմից։

Ախալքալաքի մունիցիպալիտետի 65 դպրոցներից 22-ում տնօրենի թեկնածուներն արդեն հավաստագրված են։

Ներկայացնում ենք Ախալքալաքի մունիցիպալիտետի այն դպրոցների ցանկը, որը հրապարակվել է Կրթության նախարարության պաշտոնական կայքում։

Աբուլ, Ազավրեթ, Արագվա, Բարալեթի №1, Բոզալի, Բուզավեթ, Գոգաշեն, Կոկիո, Գոման, Դադեշ, Դիլիսկայի №2, Զակ, Կուլիկամ, Լոմատուրցխ, Մարտունի, Մոդեգամ, Մուջախեթ, Հոկամի №1, Տուրցխ, Քարսեպ, Խավեթ, Խորենիա։

Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնից Jnews-ին հայտնեցին, որ տնօրենների հավաստագրված  թեկնածուների ընտրությունն արդեն ավարտական փուլում է, և առաջիկա մեկ-երկու օրում վերոնշյալ դպրոցներում կավարտվի ընտրությունը, որից հետո պաշտոնական տեղեկատվությունը կհրապարակվի Կրթության նախարարության պաշտոնական կայքում։ Իսկ ինչ վերաբերվում է մնացած 43 դպրոցներում հավաստագրված տնօրենների ընտրությանը, ապա այս գործընթացը շարունակական բնույթ կկրի։

Կրթության նախարարությունը ապահովում է համապատասխան հանրակրթական դպրոցի տնօրենի թեկնածուի ներկայացումը Հոգաբարձուների խորհրդի ընտրությանը և արդեն ընտրված թեկնածուի հաստատումը 5-օրյա ժամկետում։

Հոգաբարձուների խորհուրդն առաջադրված թեկնածուներից դպրոցի տնօրեն է ընտրում 6 տարի ժամկետով։

Հավելենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ Վրաստանում սկսվել է հանրակրթական դպրոցների տնօրենների պաշտոնների թեկնածուների հավաստագրման  գործընթացը, որը ներառում է երկու փուլ՝ թեստավորում և հարցազրույց։