Ախալքալաքում հատվածների փոխարեն նոր ծառեր տնկելը նախատեսվում է հաջորդ տարվա գարնանը։ Այս մասին Jnews-ի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

Նախկինում «Թարմացվող մունիցիպալիտետներ» ծրագրի շրջանակներում քաղաքի կենտրոնի վերականգնման ժամանակ հատվել են գլխավոր փողոցի և նրա սահմաններից դուրս գտնվող ծառերը։ Այդ ժամանակ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը նշել է, որ նախատեսվում է կանաչապատել քաղաքը։

Ընթանում են քաղաքի կենտրոնական փողոցի հարդարման ինտենսիվ աշխատանքներ

Այսօրվա դրությամբ, ծառատունկը նախատեսվում է վաղ գարնանը, կանաչապատումը կիրականացնի մունիցիպալիտետի ուժերով։ Ինչպես նշեց Մակարյանը, տարբերակ կար դա անել ուշ աշնանը, սակայն իրենք առաջարկություն են ստացել, որ գարնան սկիզբն ավելի հարմար ժամանակ է, որպեսզի տնկիներն ավելի լավ արմատանան։

«Պետության կողմից բոլոր մունիցիպալիտետները պետք է նվեր ստանան ծառեր, բայց դա մի քիչ ձգձգվեց: Հիմա դա վստահել ենք Սպասարկման կենտրոնին, նրանք բյուջեում հավելում կունենան, որպեսզի կարողանան ձեռք բերել նոր հետաքրքիր տնկիներ, որոնք կայուն են մեր կլիմայական պայմաններում: Տնկիներն արժեն 500-600 լարի: Եթե մինչ այդ նվեր էլ ստանանք, շատ ավելի լավ, ավելի շատ կտնկենք, շատ տեղ ունենք, իսկ եթե ոչ, ապա ամեն դեպքում կանենք այն, ինչ նախատեսել էինք»,- մեկնաբանեց նա:

Քաղաքապետի խոսքով՝ սկզբում կանաչապատվելու են կենտրոնական փողոցները, իսկ հետո, եթե տնկիները մնան, ամբողջ քաղաքը կկանաչապատվի։

«Օրինակ՝ Ազատության փողոցի մայթերի վերանորոգման ժամանակ մնացած ծառատունկի այս փոսերը, նախագծով ընդհանրապես նախատեսված չէին, սա մեր նախաձեռնությունն է»,- նշեց Մելքոն Մակարյանը։