Ծնողների վախն ու ամոթը, հասարակության անտեղյակությունն ու անտարբերությունը մեկուսացնում են սահմանափակ հնարավորություններով երեխաներին և խոչընդոտում նրանց զարգացմանը: Այդ անջրպետը վերացնելու համար քիչ աշխատանք է տարվում:

Սահմանափակ հնարավորություններով 14-ամյա Տիգրանը (անունը փոխված է) ինքնուրույն չի կարողանում ոչ տեղաշարժվել, ոչ ուտել: Նրա համար օրն սկսվում և ավարտվում է անվասայլակին նստած: Նա ամբողջ օրը տանը մուլտեր է նայում, որպես այդպիսին մասնագիտական օգնություն չի ստանում: Այս երեխան մեկուսացված է շրջապատից, ոչ թե սեփական որոշմամբ, այլ ծնողների պատճառով:

«Երեխան 4 պատի մեջ է մեծանում, մարդ չի տեսնում, նույնիսկ իրեն է վնասում, ով էլ լիներ 4 պատի մեջ նույնը կաներ: Ծնողներին ոչ մի կերպ չենք կարողանում համոզել երեխային դուրս հանել, դպրոց կամ համապատասխան վերականգնողական կենտրոն տանել: Ծնողները իրենք չեն հասկանում պահի լրջությունը, իրենց երեխայի վիճակը: Նրանց կարծիքով պահելով ամեն խնդիր լուծվում է, բայց հակառակն է լինում: Երեխան միայնակ է մնում իր խնդիրներով: Երեխային մարդկային կենդանի շփում է հարկավոր, միայն ուտելով ու մուլտ նայելով չէ»,- ասաց «Ինկլյուզիվ կրթական ծրագրի» մանկավարժ Երանուհի Մակարյանը:

kentronn Ախալքալաքում առաջին հերթին սահմանափակ հնարավորություն ունեցող երեխաների շատ ծնողներ ամաչում են իրենց երեխային հասարակություն դուրս բերել, շատ անգամ վախենալով հասարակության վատ վերաբերմունքից:

Աննան (անունը փոխված է) 4-ամյա փոքրիկ աղջնակի մայրն է: Փոքրիկը վաղահաս ծննդաբերության հետևանքով չի կարողանում քայլել: Վնասված են երեխայի նյարդերը, ինչի պատճառով վերջույթները թերի են զարգացել: Երեխան մեծանում է, սակայն նույնիսկ նստել չի կարողանում: Ծնողները թակել և թակում են բոլոր կարելի ու անկարելի դռները երեխային բժշկական օգնություն ցուցաբերելու համար, սակայն մինչ օրս տեսանելի որևէ առաջընթաց չեն գրանցել: Մեզ հետ զրույցում Աննան նշեց, որ ինքը շատ է նեղվում, երբ իր երեխային շրջապատը կարեկցանքով է նայում:

«Ես խուսափում եմ երեխայիս դուրս հանել միայն այն պատճառով, որ հանկարծ չխղճան: Մի բան է, երբ կողքից տեսնում ես, հանդիպում ես նման մարդկանց, մեկ այլ բան՝ երբ այդ երեխան հենց քոնն է»,- ասաց Աննան:

kentronnn
Վրաստանի բնակչության 10-15 տոկոսը սահմանափակ հնարավորություններով մարդիկ են: Իսկ Ախալքալաք քաղաքում և գյուղերում մոտավոր տվյալներով 1500 մարդ է ապրում սահմանափակ հնարավորություններով, նրանց թվում 61-ը 18 տարին չլրացած երեխաներ են, որոնք հիմնականում մտավոր հետամնացություն ունեն, կամ գամված են անվասայլակին: Սակայն նրանցից ընդամենը 10 երեխա է հաճախում Ախալքալաքում գործող միակ Վերականգնողական կենտրոն:

Արդեն 6 տարի է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից գործում է Վերականգնողական կենտրոն, ուր շաբաթական երեք օր երեխաների համար հատուկ դասեր են անցկացվում:

«Մեր կենտրոն հաճախող երեխաների ծնողները չեն ամաչում, իրենց համար սա սովորական է: Սկզբից ճիշտ է թերահավատորեն էին մոտենում, բայց կամաց-կամաց եկան այն մտքին, որ դա իրենց երեխաների համար է: Երեխա ունենք, որ նախկինում ինքնուրույն ուտել չէր կարողանում, սակայն հիմա նույնիսկ մյուս երեխաներին նկատողություն է տալիս: Ձեռքը խփում է սեղանին և բոլորին կարգի հրավիրում: Իմ կարծիքով սա շատ մեծ ձեռքբերում է»,- ասաց Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից գործող Վերականգնողական կենտրոնի ուսուցչուհի Ռուզաննա Երեմյանը:

Վերականգնողական կենտրոնի մասնագետի խոսքերով, շատ հաճախ սահմանափակ հնարավորություններով երեխաների ծնողները ևս կարիք ունեն հոգեբանական օգնության:

«Նրանք չեն հասկանում, որ մեկուսացնելով վնասում են իրենց երեխային: Երեխա ունեինք, որ կենտրոնից փախչում էր, գոռում էր և այլն, բայց այսօր արդեն ինքը մեր ընտանիքի լիարժեք անդամ է: Նա բոլորի նման ամեն անգամ ներս մտնելիս բարևում է, պարտադիր բոլորին առանձին-առանձին: Նրանք այնքան անկեղծ, այնքան բարի են: Կարողացանք «Պապն ու շաղգամը» բեմադրել, ինչը այս երեխաների համար շատ մեծ ձեռքբերում էր»,- նշեց Ռուզաննա Երեմյանը:

Այսօր Վրաստանում հասարակությունը նոր է սկսում սովորել, որ չի կարելի սխալ տերմիններ օգտագործել մամուլում և առհասարակ, ծաղրել սահմանափակ հնարավորություններով մարդկանց:

Կառավարության կողմից ձեռնարկվում են որոշ քայլեր այս խնդրի լուծման ուղղությամբ: Սակայն իրականացման ընթացքում ի հայտ են գալիս շատ անտեսված մանրունքներ, որոնք թույլ չեն տալիս զգալի արդյունքի հասնելու:

Վրաստանի հանրակրթական դպրոցներում 2013 թվականից գործում է «Ինկլյուզիվ կրթության» ծրագիրը: Դա բավարար չէ խնդիրը վերացնելու համար, բայց միանշանակ «մի քայլ առաջ» է:

Ներառական կրթության ծրագրի շնորհիվ սահմանափակ կարողություններով որոշ երեխաներ սովորում են հանրակրթական դպրոցներում։ Ներառական կրթություն իրականացնելու համար դպրոցի մանկավարժները հատուկ վերապատրաստվում են, ստանում որակավորում: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար դպրոցում հատուկ ծրագիր է մշակվում, որով էլ իրականացվում է ուսուցումը:

Ախալքալաքի շրջանում ինկլյուզիվ կրթություն է իրականացվում 67 դպրոցներից միայն 5-ում, որտեղ հաճախում են խնդիրներ ունեցող երեխաներ:

«4 երեխա ունեմ, որից երեքը մտավոր հետամնացություն ունեն, մեկը՝ ֆիզիկական: Այն երեխան, որը խուլ ու համր է, բայց առաջին դասարանից դպրոց է հաճախել, շփվել է երեխաների հետ, նույնիսկ իրենց համար ժեստերի լեզու են ստեղծել, որով շատ հանգիստ հաղորդակցվում են, այդ երեխան խնդիր չունի դպրոցում, դասարանում, ի տարբերություն մյուսների: Շատ ավելի բարդ է այն երեխաների վիճակը, որոնք բարձր դասարաններում են սովորում և նոր են դպրոց հաճախում», – ասաց «Ինկլյուզիվ կրթական ծրագրով» դասավանդող մանկավարժ Երանուհի Մակարյանը:

Չնայած դպրոցներում ներդրվել է ինկլյուզիվ կրթական ծրագիրը, սակայն դպրոցները չունեն համապատասխան աշխատանքային նյութական պայմաններ և համապատասխան ավելի նեղ մասնագետներ:

«Մտավոր հետամնաց երեխային այլ պայմաններ են անհրաժեշտ հանրակրթական դպրոցում սովորելու համար: Առնվազն պետք է նախապատրաստել: Օր. Անահիտի (անունը փոխված է) հետ առանձին եմ պարապում, ինքը արդեն դասարանին սովորել է, ժամանակի ընթացքում ես ծրագրում եմ և կամաց-կամաց դասարան տանում: Նա սարսափելի վախ ուներ, ճիշտ է երեխան իր խնդիրներն ունի, բայց արդեն կարողանում է դասին նորմալ նստել, տառ է ճանաչում, հասկանում է որ դա դաս է, իսկ դասամիջոցին դուրս պիտի գնա և այլն: Առաջ զանգի ձայնից սարսափում էր, երբ զանգն էին տալիս ինքը դողդողում էր»,- ասաց մասնագետը:

Մասնագետի կարծիքով տարբեր խնդիր ունեցող երեխաների հետ պետք է աշխատեն այն մասնագետները, որոնց կարիքն ունեն սահմանափակ հնարավորություններով երեխաները:

«Խուլ ու համր երեխան մտավոր հետամնացություն չունի, բայց քանի որ մասնագետ չկա իր հետ աշխատող, ոչ ինքը կարող է իր գիտելիքները հաղորդել ոչ ուսուցիչը: Վիզուալը շատ լավ ստացվում է ասենք մի առարկայի ժամանակ, բայց մյուսի՝ ոչ, երեխան այստեղ տուժում է, հասկանալի է, որ մասնագետներ են պետք»,- ասաց Երանուհի Մակարյանը:

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին վերջերս հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշում է, որ սահմանափակ հրարավորությունների տեր մարդկանց երկրում արժանի վերաբերմունք չի ցուցաբերվում:

Նրա խոսքերով ստատիստիկա չի տարվում և շատ ցածր է այդ մարդկանց ներգրավվածությունը հասարակության մեջ:

Մնում է, որ կառավարությունը էլ ավելի աշխատանք տանի այս խնդրի լուծման ուղղությամբ, հասարակությունը նպաստի սահմանափակ հնարավորություններով մարդկանց ներգրավվածությանը, իսկ ծնողները ոչ թե ամաչեն, այլ մտածեն սոցիալակացման անհրաժեշտության մասին:
kentron3
Լուսանկարներում՝ Վերականգնողական կենտրոնի սաները ամանորյա տոնածառեր են պատրաստում:

Աղունիկ Այվազյան