Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն Արդարադատության նախարարությունից պաշտոնական նամակ է ստացել, ի պատասխան Ախալքալաքում հողերի պետական գրանցման ծրագրի խափանման պատճառների մասին գրության։ Արդարադատության նախարարության տեղեկատվության համաձայն, կատարվել է ավելի քան 30400 չգրանցված հողամասերի եզրագծում, որոնք չափագրվելու և ճշտվելու են տեղում։
Գյուղատնտեսական նշանակության հողերի ժամանակավոր հաշվառման պետական ծրագիրը, որը սկսվել է 2022 թվականին և կավարտվի հաջորդ տարի՝ 2024 թվականին, Ախալքալաքում զգացվել է 2022 թվականի աշնանը, երբ Դիլիսկա գյուղում Հանրային ռեեստրի աշխատակիցները չափագրում էին գյուղի բնակիչների հողատարածքները։ Ծրագրի սկզբում կազմվել է ժամանակացույց, ըստ որի, տվյալ աշխատողները պետք է սպասարկեին գյուղերը։ 2023 թվականին այդ աշխատողները պետք է Ախալքալաք վերադառնային մարտին և սկսեին Սուլդայի տարածքային միավորից։ Սակայն Հանրային ռեեստրի աշխատակիցներն այս տարի ոչ մի գյուղում աշխատանք չեն իրականացրել։ Գյուղերում այս հարցով անհանգստացած են։ Օգոստոսի 30-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն գրությամբ դիմել էր Վրաստանի արդարադատության նախարարություն՝ խնդրելով պարզաբանել տեղում աշխատանքներ չկատարելու պատճառները։ Հոկտեմբերի 5-ին սակրեբուլոն ստացել է իր գրության պատասխանը։ Նամակում, մասնավորապես, Ախալքալաքի մասին ասվում է հետևյալը.
«Այս փուլում ակտիվ աշխատանքներ են սկսվել Ախալքալաքի մունիցիպալիտետի վարչական միավորների համար և նախապես որոշված գրանցման բլոկների համաձայն մշակվել են նախագծեր ավելի քան 30,4 հազար չգրանցված հողամասերի համար, որոնց վրա տեղում կիրականացվի վերծանում/հստակեցում՝ օգտագործելով Գործակալությունում առկա չափիչ գործիքները, ինչպես նաև կտեղադրվի սեփականության իրավունքը և նշված անշարժ գույքի օգտագործման իրավունքը ու դրանց հետագա գրանցման նպատակով կլրացվեն էլեկտրոնային արձանագրություններ»,- ասված է նամակում։
Ինչու հողերի պետական գրանցման գործընթացն Ախալքալաքում «տապալվեց»