Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն գրավոր դիմում է ուղարկել Արդարադատության նախարարություն, որում հետաքրքրվում է Ախալքալաքում հողերի պետական գրանցման ծրագրի խափանման պատճառներով։

Գյուղատնտեսական Ախալքալաքի մունիցիպալիտետի կարևոր խնդիրներից է հողերի գրանցումը։ 2022 թվականից Հանրային ռեեստրը սկսել է զբաղվել գյուղատնտեսական նշանակության հողերի օրինականացման և նույնականացման գործընթացով։ Գործընթացը պետք է իրականացվեր փուլերով՝ ըստ ժամանակացույցի։

Ախալքալաքի մունիցիպալիտետում հողերի անվճար գրանցումը սկսվել է 2022 թվականի նոյեմբերին՝ Դիլիսկա գյուղից, սակայն այնտեղ Հանրային ռեեստրի աշխատակիցները չափագրել են միայն տներն ու տնամերձ հողերը։ Մեկ ամսվա ընթացքում աշխատողները մուտք են գործել բնակիչներից միայն 17%-ի տները, սակայն և այս բնակիչների գրանցումը դեռ չի ավարտվել։ Այս տարի Սուլդա տարածքային շրջանում պետական ծրագրով հողերի անվճար գրանցումը պետք է վերսկսվեր մարտին, սակայն գործընթացն այդպես էլ չի սկսվել։

«Մենք նամակ ենք գրել, քանի որ խախտվել են հողերի գրանցման ժամկետները։ Վերջին հանդիպման ժամանակ պատգամավորները հարց բարձրացրին, թե ինչո՞ւ է գրանցումը դադարեցվել, ո՞րն է պատճառը։ Պատճառները պարզելու համար որոշեցինք պաշտոնական հայցադիմում ներկայացնել Արդարադատության նախարարություն։ Մենք նամակը 25-ին ենք ուղարկել և սպասում ենք հարցերի պատասխանին՝ ինչո՞ւ է գործընթացը դադարեցվել մեր շրջանում, ի՞նչ են նրանք պատրաստվում անել»,- ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը։

Մինչ օրս, ըստ Հանրային ռեեստրի կայքի վիճակագրության՝ Ախալքալաքի մունիցիպալիտետում գրառվում է ավարտված գրանցման 2 դեպք և 63 չափագրում։ Հանրային ռեեստրի կայքում «վիճակագրություն» բաժնում նշված տվյալները 2023 թվականի փետրվարից չեն փոփոխվել։ Այսինքն՝ անցած ամիսների ընթացքում գրանցման գործընթացի ավարտի մասին նոր դեպքեր չեն գրանցվել։