Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը և գլխավոր դատախազությունը այսօր` հոկտեմբերի 5-ին, համատեղ հաղորդագրություն են տարածել, որում նշվում է, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 9-ից ավելի հոդվածներով։

Ըստ այդմ՝ Արայիկ Հարությունյանը «պատասխանատու է Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինված ստորաբաժանումների կազմավորման և գործունեության կազմակերպման, այդ ստորաբաժանումներին զենքով և զինամթերքով ապահովելու», ինչպես նաև՝ մաքսանենգության և ահաբեկչության ֆինանսավորման մեջ։

Հարությունյանին նաև մեղադրում են Ադրբեջանի Գյանջա քաղաքի և Բարդայի շրջանի բնակելի տարածքները և քաղաքացիական օբյեկտները թիրախավորելու մեջ։ Հաղորդագրության մեջ նշված է, որ Հարությունյանը մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 100, 116, 117, 120, 214, 214-1, 214-3, 218, 279 և այլ հոդվածներով։

Ադրբեջանական դատարանը նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը՝ չորս ամիս ժամկետով։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանին, երրորդ նախագահ Բակո Սահակյանին և Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանին ձերբակալել են հոկտեմբերի 3-ին։

Ավելի վաղ Ադրբեջանը կալանավորել էր ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։

Օրերս Ադրբեջանը ձերբակալել և մեղադրանք է ներկայացրել նաև Ռուբեն Վարդանյանին։