«Վրաստանն ու Ադրբեջանը քննարկում են 19 փաստաթուղթ ստորագրելու հնարավորությունը։ Մոտ ապագայում մենք ականատես կլինենք այդ համաձայնագրերի ստորագրմանը»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում։

Դարչիաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Բաքվում։

Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ Բաքուն Վրաստանի արտգործնախարարի այցը դիտարկում է որպես երկու երկրների ռազմավարական գործընկերության վառ օրինակ։

Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանի ու Վրաստանին պատմականորեն կապում են ամուր բարեկամական հարաբերությունները։

«Ադրբեջանն ու Վրաստանը վարում են բարիդրացիության քաղաքականություն, համագործակցություն, և նրանց հարաբերությունները զարգանում են բազմաթիվ ոլորտներում։ Երկու երկրներն էլ աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանը»,- ասել է Բայրամովը։

Արտգործնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման (դելիմիտացիա) գործընթացը։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կծառայի Հարավային Կովկասի բոլոր երկրների շահերին»,- ընդգծել է Բայրամովը։

Վերջինիս խոսքով, ադրբեջանա-հայկական սահմանային միացյալ հանձնաժողովը մոտ ժամանակներս կսկսի տվյալ աշխատանքները։

Այն, որ Ադրբեջանը, Վրաստանը և Հայաստանը լավ հնարավորություններ ունեն եռակողմ ձևաչափով փոխգործակցության համար, այդ մասին հայտարարել է նաև նախագահ Իլհամ Ալիևը՝ Դարչիաշվիլիի հետ հանդիպմանը։

Հանդիպմանը Դարչիաշվիլին և Բայրամովը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության բոլոր հիմնական ոլորտները, նշել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և պատրաստակամություն հայտնել ակտիվորեն աշխատել հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ։

Հանդիպմանը քննարկվել է աշխարհում տիրող իրավիճակը, համաշխարհային անվտանգության մարտահրավերները, ընդգծվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և կայուն զարգացման կարևորությունը։

Ադրբեջան կատարած այցի շրջանակներում Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ։

Հանդիպմանը կողմերն ընդգծել են երկու երկրների միջև սերտ գործընկերությունը և խորհրդարանական հարթության մեծ դերը երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման գործում։

Վրաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերությունները հաստատել են 1992 թվականի նոյեմբերի 18-ին։ Երկրներն ակտիվորեն համագործակցում են առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, արտադրության և լոգիստիկայի ոլորտներում։

Ադրբեջանը Վրաստանի երեք հիմնական առևտրային գործընկերներից մեկն է։ Երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-փետրվարին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 49%-ով և կազմել 248,8 մլն դոլար, իսկ Վրաստանից Ադրբեջան արտահանումն աճել է 39,1%-ով։