Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակն անմահացնող խաչքարի մոտ տեղի ունեցավ հոգեհանգիստ արցախյան պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։
Ջավախքի հոգևոր դասի՝ փոխառաջնորդ Տեր Նշան վրդ Հմայակյանի և Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևորական Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի անմիջական մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ։ Նաև այսօր Ջավախքի բոլոր գործող եկեղեցիներում մարդիկ մոմեր էին վառում խնկարկում հայրենիքի պաշտպանության համար ընկած զինվորների հիշատակին:
Սրբազան արարողությանը ներկա էին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Նշան վրդ Հմայակյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի Հայկական երիտասարդական կենտրոնի պատասխանատու Կարինե Թադևոսյանը, «Ջավախք հիմնադրամ»-ի ներկայացուցիչներ, 44-օրյա պատերազմում զոհված ջավախքցի քաջորդիների ծնողներ, հասարակ ախալքալաքցիներ և այլք։
Արարողության ավարտին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Նշան վրդ Հմայակյանն իր խոսքն ուղղեց ներկաներին․
«Մեր նահատակ եղբայրները հաղթանակած հեռացան, իրենք չճաշակեցին պարտությունը և արժանացան երկնքի արքայությանը։ Այսօր հայկական իրականության մեջ շատ նորաձև է մեղավորներ փնտրելը, բոլորս փնտրում ենք մեղավորներ, իմ կարծիքով և շատերը կհամաձայնեն դրա հետ, որ միակ մեղավորությունը պետք է փնտրենք ինքներս մեր մեջ, մեզնից դուրս մեղավորներ փնտրելն անիմաստ է և անօգուտ։ Երբ հայը կհասկանա իր խնդիրների մեջ իր մեղքը և իրական կդառնա դեպի Աստված, այդ ժամանակ էլ բոլոր խնդիրները, բոլոր դժվարությունները միասնական կերպով կհաղթահարի։ Մեր պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ մեր ազգն ընկել է մեծ ողբերգությունների մեջ, փորձությունների և դժվարությունների, բայց ամեն անգամ Աստծո օգնությամբ, խաչը վեր բարձրացրած մոխիրներից հառնել է և շարունակել է իր պատմությունը։ Հիմա ևս փորձություններ ու դժվարություններ են մեզ պատել, երբեմն հույսի տեղ չթողնելով, բայց ես հավատացած եմ, որ Աստծո օգնությամբ բոլոր փորձությունները, բոլոր դժվարությունները հայ ազգը դարձյալ կհաղթահարի։
Թող Աստված լուսավորի մեր ընկած հերոսների հոգիները, իրենց արժանացնի երկնքի արքայությանը և հայ ազգին էլ արժանի դարձնի իրենց սխրանքին, իրենց հաղթանակին։
Աստված թող ուժ կարողություն տա հայ ժողովրդին, իր ամենակարող աջը միշտ պահապան լինի մեր ժողովրդին։
Աստված օգնական և Աստված պահապան»։
Հավարտ հոգեհանգստյան կարգի՝ եկեղեցու բակում հավաքվածները որոշեցին․
«Նախ պետք է Հայաստանի հետ ճանապարհը բացենք, այսինքն՝ Հայաստանը մեզ թույլատրի առանց մաքսազերծման, առանց որևէ բարդությունների, մեր հավաքած սնունդն ու հագուստ հասցնել հասցեատիրոջը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին։ Հետո միայն արդեն ամեն գյուղ ինքնուրույն որոշակի քանակով կարտոֆիլ, մակարոնեղեն, տարբեր չոր սնունդ և հագուստ կհավաքի և կուղարկի Հայաստան»։
Հիշեցնենք, որ 3 տարի առաջ՝ 2020-ի սեպտեմբերի 27–ին Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ նպատակ ունենալով Ղարաբաղի ժողովրդին զրկել իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից։
Հայկական կողմը պատերազմում 3812 զոհ տվեց, որից 3736-ը՝ զինծառայող, 76-ը՝ քաղաքացիական անձ։ Մինչ օրս անհետ կորած է 217 մարդ, նրանցից 196-ը՝ զինծառայող, 21-ը՝ քաղաքացիական։ Ադրբեջանում այսօր էլ կան բազմաթիվ հայ գերիներ, որոնցից Բաքուն ճանաչել է միայն 36–ի առկայությունը, սակայն տարբեր տվյալներով նրանց թիվը 70–ից ավելի է։