Ըստ ՄԱԿ-ում (Միավորված ազգերի կազմակերպություն) Վրաստանի երիտասարդության հարցերով ներկայացուցիչ Գեորգի Թումասյանի, Ախալքալաքի երիտասարդության հիմնական խնդիրը` պետական լեզվի չիմացությունն է, որը խանգարում է ակտիվ մասնակցել երկրում ընթացող բազմաթիվ գործընթացներին:
Արդեն մեկ ամիս է, ինչ ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության հարցերով ներկայացուցիչը հանդիպում է շրջանների երիտասարդության հետ: Գեորգի Թումասյանը նախ երիտասարդներին տեղեկացնում է, իր մանդատի, իր գործնեության և նպատակների մասին, ապա խոսում երիտասարդության հուզող խնդիրների շուրջ և փորձում համատեղ լուծման տարբերակներ գտնել:
«Շատ հետաքրքիր հանդիպում էր, եղավ մի քանի կոնկրետ նախաձեռնություն, որ երիտասարդները ասացին: Ակտիվորեն աշխատելու ենք միասին և մոտակա շաբաթներին այդ նախաձեռնությունները իրականություն ենք դարձնելու: Կարծում եմ առաջին ամենամեծ խնդիրը պետական լեզվի չիմացությունն է, և մենք մտածում ենք, ինչպես աշխատենք, որ վրաց լեզվի օգտագործման մակարդակը բարձրացնենք: Էթնիկ փոքրամասնություններին օգնենք, որ ինտեգրացիոն գործընթացը ավելի ակտիվ լինի», – նշեց Գեորգի Թումասյանը:
Միաժամանակ ավելացնելով, որ իր անձնական օրինակն այսօր այն բանի վկայությունն է, որ նպատակասլաց և սովորող երիտասարդը կարող է ամեն փորձություն հաղթահարելով հասնել մինչև Միավորված ազգերի կազմակերպություն:
«Իմ անձնական օրինակով, փորձում եմ մեր երիտասարդներին համոզել, որ եթե իրենք ակտիվորեն աշխատեն, սովորեն վրացերեն լեզուն, սովորեն շատ լավ դպրոցում, համալսարանում, իրենք կկարողանան շատ մեծ բարձունքների հասնել Վրաստանում: Վրաստանն այսօր շատ ժողովրդավար երկիր է, և նույնիսկ կարելի է նշել, որ ամբողջ Վրաստանի ինչպես վրացի, այնպես էլ հայ, ափխազ, օս և այլ ազգերի երիտասարդության խնդիրները ներկայացնում է հայը: Պետք է երիտասարդությունը մաքսիմալ օգտագործի այն հնարավորությունը, որը այսօր Վրաստան պետությունն է տալիս», – ասաց ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության հարցերով ներկայացուցիչը:
Վերջինս մեկ ամսվա ընթացքում հասցրել է Վրաստանի շրջանների կեսից ավելին անցնել, խոսել անմիջապես երիտասարդների հետ և տեղում քննարկել նրանց անհանգստացնող խնդիրները: Ըստ Թումասյանի Ախալքալաքում երիտասարդության խնդիրները տարբերվում են պետական լեզվի չիմացության պատճառով:
«Շրջաններում էթնիկ փոքրամասնությունները չեն տիրապետում վրաց լեզվին, և չեն կարող մասնակցել այն ծրագրերին, որոնք Վրաստանում են անցկացվում: Իսկ ընդհանուր խնդիրն այն է, որ շրջաններում պակաս է ակտիվությունների թիվը: Մենք աշխատելու ենք, որ ինչքան հնարավոր է հենց տեղում ակտիվություն լինի», – եզրափակեց Գեորգի Թումասյանը:
Ախալքալաքում երիտասարդությունը հանդես է եկել երկու նախաձեռնությամբ՝ հենց քաղաքում վազքի մարաթոն անցկացնել և մաքրել Ախալքալաքի բերդի տարածքը:
«Ես երեկոյան Ախալքալաքում դուրս եկա վազելու, շատերը շատ անհասկանալի ձևով նայեցին դրան: Երիտասարդները ևս հաստատեցին, որ այո, այստեղ պրեստիժ չի համարվում վազելը և որոշեցինք միասին վազքի մարաթոն անենք, վազենք, և ժողովրդի մենտալիտետը մի քիչ փոխենք: Բերդի տարածքը շատ կեղտոտ է և մենք երիտասարդների հետ պետք է մի օր ընտրենք, մաքրենք», – ավելացրեց ՄԱԿ-ում երիտասարդության հարցերով պատասխանատուն:
Աղունիկ Այվազյան