Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը Երևանում 168 քաղաքացու է բերման ենթարկել։
«Ժամը 12։00-ի դրությամբ Երևանում ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով (Ոստիկանության օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել ակցիայի 168 մասնակից»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաներ, փակվել են բազմաթիվ փողոցներ: Կարմիրբերետավորներն սկսել են բերման ենթարկել քաղաքացիներին։ Մասնավորապես, բերման են ենթարկվել ԱԺ պտգամավոր Թադևոս Ավետիսյանը, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Հանրապետության հրապարակում ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել։
Ցուցարարները փակել էին Սարյանի, Թումանյանի, Աբովյանի և այլ փողոցներ։
Սեպտեմբերի 19–ից մայրաքաղաքում մեկնարկել են հանրահավաքները, երթերը և քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ պայմանավորված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված ծանր վիճակով։ Ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը: Սեպտեմբերի 22–ից ցույցերին են միացել երևանյան բուհերի ուսանողները։