Նոյեմբերի 2-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է գտնվում Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունը:
Ըստ Հայաստանի հանրապետության վարչապետի մամլո ծառայության հաղորդագրության, ողջունելով Վրաստանի պաշտպանության նախարարին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում շատ բարձր դինամիկա է արձանագրվում վերջին շրջանում և ուրախ եմ նաև, որ այդ դինամիկան ամրապնդվում է Պաշտպանության նախարարի այցով: Մենք շահագրգռված ենք Վրաստանի հետ բոլոր ոլորտներում մեր համագործակցության խորացմամբ և մեր եղբայրական հարաբերությունների զարգացմամբ: Իհարկե, այս կարգի այցերը, նաև անձնական շփումները կառավարության անդամների միջև շատ կարևոր են այդ համատեքստում: Կրկին ողջունում եմ Ձեզ»:
Նշվում է նաև, որ հանդիպմանը Վրաստանի պաշտպանության նախարարն ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել այնպիսի պատմություն ունեցող անձնավորության հետ, ինչպիսին Դուք եք: Մինչ Պաշտպանության նախարար դառնալը, ես եղել եմ տեղակալն այն նախարարի, որը հետո դարձավ վարչապետ, և ուրախ եմ, որ նրա հետ Ձեր հարաբերությունները հիմք են՝ մեր համագործակցությունը շարունակելու համար: Իմ այցն այդ համագործակցության շարունակությունն է, և այս առաջընթացը, իհարկե, կլինի չընդհատվող, շարունակական: Շատ շնորհակալություն ևս մեկ անգամ»:
Նիկոլ Փաշինյանը խնդրել է ջերմ ողջույններ փոխանցել իր գործընկերոջը՝ Իրակլի Ղարիբաշվիլիին և ընդգծել, որ Վրաստանի վարչապետի, կառավարության հետ երկխոսությունը հիմնված է լիարժեք փոխվստահության վրա, ինչը լավ հենք է ռազմավարական գործակցության զարգացման համար: Երկկողմ կապերի զարգացման և առկա ներուժի իրացման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ծավալված գործընկերությունը:
Ջուանշեր Բուրճուլաձեն արդյունավետ է գնահատել ՀՀ պաշտպանության նախարարության հետ գործակցությունը և դրա ընդլայնմանը միտված ծրագրերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել պաշտպանական ոլորտում գործընկերության ամրապնդման և տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:
Հայաստանի ՊՆ վարչական համալիրում Վրաստանի պաշտպանության նախարարի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների առանձնազրույցը, որին հաջորդել է հանդիպումն ընդլայնված՝ պատվիրակությունների կազմով:
Հայաաստանի հանրապետության պաշտպանության նախարարը, ողջունելով հյուրին, ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Քննարկման ընթացքում երկուստեք կարևորվել է տարածաշրջանում լիարժեք խաղաղության հաստատման և կայուն զարգացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգային հիմնախնդիրների, ինչպես նաև պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի:
Այցի շրջանակում Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունն այցելելու է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: