Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի Ախալքալաքի մասնաշենքի ուսանողները տարեցտարի ավելանում են: Համալսարանի կարևոր խնդիրներից է հաստատություն տանող ճանապարհի բարեկարգումը:

Սամցխե-Ջավախքի պետական համալսարանը բաժանված է երկու մասի՝ 1-ին և 2-րդ մասնաշենքերը գտնվում են Ախալցիխեում, իսկ 3-րդը՝ Ախալքալաքում: Համալսարանն այսօր շուրջ 125 ուսանող ունի, ուսանողների մեծամասնությունը՝ մոտ 70 տոկոսը ազգությամբ հայեր են, իսկ 30 տոկոսը վրացիներ:

Ախալքալաքում գտնվող վրացական պետական համալսարանում գործում են Բիզնես վարչարարության և հումանիտար կրթության ու սոցիալագիտության ֆակուլտետները: Միևնույն ժամանակ գործում է նաև հատուկ ծրագիր վրաց լեզվի ուսուցման հայալեզու ուսանողների համար: Հումանիտար առարկաների և սոցիալագիտության ֆակուլտետում գործում է երկու բաժին բակալավրիատի ծրագրով՝ պատմության և վրաց լեզվի մասնագիտություններ: Իսկ Բիզնես վարչարարության ֆակուլտետում կա երկու ծրագիր՝ մեկը հենց Բիզնես վարչարարությունն է, իսկ երկրորդը՝ Էկոնոմիկան:

«Ծրագրում ենք նաև ընդունել ուսանողներ իրավաբանական և տարրական դասարանի մանկավարժության կրթության ուղղությամբ: Դիմորդները ավելի շատ նախընտրում են սովորել տնտեսագիտության բաժնում, քան հումանիտար»,- ասաց Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ռեկտորի տեղակալ Վասիլ Մոսիաշվիլին:

Vasil Mosiashvili

Ախալքալաքում գործող Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ուսանողների թիվը կտրուկ աճել է, երբ մեկ տարի առաջ շահագործման է հանձնվել ուսանողների համար նախատեսված հանրակացարանը: Այսօրվա դրությամբ հանրակացարանում են բնակվում 20 ուսանող:

«Համալսարանը 20 ուսանողի հետ պայմանագիր ունի կնքած, ովքեր ապրում են հանրակացարանում, հիմնականում Ախալքալաքի հեռավոր գյուղերի ուսանողներն են, ինչպես նաև Վրաստանի այլ շրջաններից՝ Բորժոմ, Ախալցիխե: Հանրակացարանում բնակվող ուսանողները սիմվոլիկ գին են վճարում, համարյա անվճար՝ ամիսը 10 լարի: Բոլոր պայմանները ապահովված են, տաք և սառը ջուր, ջեռուցում, հեռուստացույց, սենյակները նախատեսված են 2-3 ուսանողի համար», – ասաց Վասիլ Մոսիաշվիլին:

Մինչև հանրակացարանի շենքի շահագործման հանձնումը, համալսարարանն ուներ 82 ուսանող, որից հետո կտրուկ աճել են ուսանողների թիվը:

tablica

Համալսարանում դասախոսում են թե տեղացի մասնագետները, և թե Ախալցիխեից հրավիրված դասախոսները: Վասիլ Մոսիաշվիլու խոսքերով Ախալքալաքում գործող Սամցխե-Ջավախքի պետական համալսարանն առաջին տեղում է Վրաստանի մաշտաբով, որտեղ բարձրագույն կրթություն ստացած ուսանողները հիմնականում ապահովված են աշխատանքով: Նրանք հիմնականում աշխատանքի են տեղավորվել պետական բոլոր գերատեսչություններում, հիմնականում՝ Ներքին գործերի նախարարությունում, Վարչությունում, հանրակրթական դպրոցներում, բանկերում և այլուր:

Ռեկտորի տեղակալի խոսքերով Սամխցե-Ջավախքի պետական համալսարանի խնդիրը դա հաստատություն տանող ճանապարհի անբարեկարգ վիճակն է: Ինչպես նաև նախկին ուսումնարանի շենքի վերանորոգումն ու ներքին ենթակառույցների զարգացումն ու բարելավումն է:

Աղունիկ Այվազյան