Վրաստանում այս տարի տարվա ընթացքում փայտանյութի ապօրինի արդյունահանման և տեղափոխման 739 դեպք է բացահայտվել։ Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության ազգային գործակալության փոխանցմամբ՝ հատված ծառերի ընդհանուր ծավալը կազմում է 1 245 կուբամետր։

Օգոստոսին բացահայտվել է ապօրինի ծառահատման 69 փաստ։ Օգոստոսին ապօրինի ծառահատումների փաստերից 25 խախտում են հայտնաբերել Կախեթիի անտառային ծառայության աշխատակիցները, 3-ը՝ Մցխեթա-Մթիանեթիում, 13-ը՝ Քվեմո Քարթլիում, 9-ը՝ Սամցխե-Ջավախեթիում, 7-ական փաստ՝ Շիդա Քարթլիում և Իմերեթիում, 4-ը՝ Գուրիայում, և 1-ը՝ Ռաճա-Լեչխումիում:

Օրինախախտների համար կազմվել են համապատասխան փաստաթղթեր, մեքենաները առգրավվել են և տեղափոխվել գործակալության վերահսկողության տարածք։