Արդեն երեք տարի է Ջավախեթյան փողոցում դեռ մի խնդիրը չլուծված մյուսն է բացահայտվում։ Մի քանի ամիս առաջ վերջապես սկսվեց փողոցի ասֆալտապատման աշխատանքները, սակայն հիմա էլ փողոցի 24 հասցեում կոյուղաջուրը լցվում է բնակելի տներ։

Ախալքալաքի Ջավախեթյան փողոցի 24 հասցեում բնակվող Տոնականյան Անահիտը արդեն չգիտի ում դիմի, ինչ քայլեր ձեռնարկի։ Անձրևի ժամանակ կոյուղաջուրը դուրս է մղվում և կեղտաջուրը լցվում է տներ։

«Կենտրոնական կողյուղին լցվում է և միանգամից դուրս է հոսում։ Արդեն մի տարի է այս խնդիրը կա, մենք 20 տարի է կոյուղագիծ ունեինք, այսպիսի խնդիր չկար, ինչ եկան փոխեցին այդ խնդիրը կա։ Արդեն մի քանի անգամ է այսպես է լինում, դիմել եմ՝ և՛ քաղաքապետին, և՛ փոխքաղաքապետին, և՛ ջրամատակարարման սերվիս կենտրոնի տնօրենին, բոլորը եկել տեսել են, արդեն տևական ժամանակ է ասում են կանենք, բայց․․․։ Իմ տանը երեխա կա, այդպիսի կեղտ ինչո՞ւ պետք է լինի։ Ես մի քանի անգամ ողնաշարի վիրահատություն եմ տարել, ինչքան պետք է կեղտաջուր մաքրեմ իմ դռնից։ Ասում են կանենք, բայց միջոց չեն ձեռնարկում։ Ինչքան կարելի է ապրել այս կեղտի մեջ», – ասում է Տոնականյան Անահիտը։

Այս իրավիճակից ոչ միայն Անահիտն է բողոքում, այլև նրա բոլոր հարևանները։ Բոլորը նշում են, նրանք ոչ մեկի վատություն չեն ուզում անել, ուղղակի ուզում են խնդրին լուծում տալ, եթե պատկան մարմինները լուծում չտան այս հարցին, ապա նրանք ստիպված կլինեն դիմել Թբիլիսի։

Jnews-ը փորձեց պարզել, թե իրականում ո՞վ է պատասխանատու այս ամենի համար։

Ախալքալաքի քաղաքապետն ասաց․ «Տվյալ տարածքը սպասարկում է Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սերվիս կենտրոնը և այս պահին այն ընկերության հետ, որը շահել է ասֆալտապատման էլեկտրոնային մրցույթը, պայմանավորվածություն ունեն, որ աշխատանքների ընթացքում, եթե խնդիր առաջանա, ապա համաձայնեցնելով լուծեն, որպեսզի ասֆալտապատումից հետո այլևս խնդիր չառաջանա»։

Դիմեցինք նաև Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սերվիս կենտրոն։ Մեզ պատասքանեցին հետևյալը՝

«Ստուգել ենք, կոյուղու խողովակը վնասաված չէ և անցանելի է։ Քանի որ այդտեղ դեռ ասֆալտ չկա, կարող է այդ տարածքում ինչ-որ տեղից անձրևի ժամանակ ջուրը ներս է լցվում և հետո փողոց թափվում, ուրիշ տարբերակ չկա։ Կոյուղացիծը վնասված չէ, տնից մինչև կենտրոնական խողովակ նորմալ աշխատում է, նորմալ աշխատում է նաև կենտրոնական խողովակը։ Անձրևի ժամանակ էլ ինչ-որ լինում է, դա մեր իրավասության մեջ չէ։ Մեր իրավասության մեջ է մտնում խողովակների անցանելիությունը։ Բնական իրավիճակների դեպքում ես չեմ կարող ասել, թե ինչ պետք է անել, անգամ ուղղություն չեմ կարող տալ։ Անձրևի ժամանակ, թե ինչու է ջուրը լցվում, ես չեմ կարող ասել, մեր խողովակները անձրևաջրերը չպետք է անցկացնեն, մեր խողովակները տեղադրված են օգտագործված ջրի համար, անձրևի ջուրը մեր պարտակությունների մեջ չի մտնում, մենք պարտավոր չենք քաղաքի անձրևի ջուրը մեր գծի միջով անցկացնելու»,- ասաց Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սերվիս կենտրոնի տնօրեն Գիորգի Վախտանգիշվիլին։

Թե ինչպես է այս խնդիրը լուծվելու, կամ թե ինչպես պետք է առանձնացնեն անձրևի ջուրը, կոյուղու ջրերից մութ է մնում։ Միայն մնում է հուսալ, որ այս խնդիրը կլուծվի, միչև փողոցի ասֆալտապատումը։ Հարկ է նշել, նաև, որ ոչ միայն Ջավախեթյան, այլև քաղաքի գրեթե յուրաքանչյուր փողոցում անձրևներից հետո «գետեր» են առաջանում, անանցանելի դարձնելով փողոցը։

Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝

Ջավախեթյան փողոցի վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են

Շուտով կսկսվեն Ջավախեթյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները

Ջավախեթյան փողոցի ասֆալտապատումը կրկին ձգձգվում է

Կողմերի անհամաձայնության պատճառով տուժում են Ջավախեթյանի բնակիչները