Ավարտվում է Աբուլ-Կարտիկամ 4 կիլոմետրանոց բետոնապատ ճանապարհի կառուցման աշխատանքները։ Աբուլ-Կարտիկամ ճանապարհը կառուցվում է երկու փուլով, մնացած՝ մոտավոր 2,5կմ ճանապարհահատվածը նախատեսվում է մյուս տարի ավարտին հասցնել։

Գյուղացիները շուտով կկարողանան տեղաշարժվել առանց արգելքների։

Աբուլ-Կարտիկամ 4 կմ 048 մ հատվածում կառուցվում է երկաթբետոնե ծածկ։ Նախագիծը իրագործվում է տարածաշրջանային հիմնադրամի և տեղական բյուջեի միջոցներով, որի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլն 165 հազար 024 լարի։

«Ճանապարհի կառուցման աշխատանքները սկսվել էին երկու ամիս առաջ, արդյունքում կառուցվել է 4 կիլոմետր երկարությամբ և 5 մետր լայնությամբ բետոնապատ ճանապարհահատված։ Այս ճանապարհը մեր գյուղին կբերի զարգացում, ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ կգան մեր գյուղ։ Գյուղացիները հեշտությամբ կկարողանան քաղաք գնալ-գալ», – մանրամասնեց Ախալքալաքի քաղաքապետի ներկայացուցիչ Սամվել Ղարախրխզյանը՝ հավելելով, որ աշխատանքներն իրականացրել է «ՋավախԱվտոԳզա» ճանապարհաշինարարական ընկերությունը։

Abul

Նշենք, որ նորակառույց ճանապարհը կենսական կաևոր նշանակւոթյուն ունի Աբուլի բնակիչների համար։ Սա գյուղը քաղաքին կապող միակ ճանապարհն է։ Աբուլ տանող ճանապարհին նաեւ «Աբուլ» գրությամբ ցուցանակներ են հայտնվել։

Ձմռանը՝ առատ ձյան ժամանակ հաճախ գյուղի ճանապարհը փակվում էր և մոտավոր տվյալներով 500 մարդ հայտնվում էր շրջափակման մեջ։ Շտապօգնության մեքենաներն ու տաքսու վարորդները նույնպես դժվարությամբ էին Աբուլ հասնում։

Գյուղում ենթակառուցվածքային այս և այլ ծրագրերի շնորհիվ ակտիվացում է նկատվում, ինչը, բնականաբար ակտիվացնում է նաև գյուղական կյանքը: