Ալաթուման գյուղի բուժկետը կառուցվել է 2019 թվականին «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում: Անցած երեք տարիների ընթացքում բուժկետը ոչ մի անգամ չի օգտագործվել։ Չորս պատերից ներս ոչ կահավորանք կա, ոչ էլ բժշկական սարքավորումներ: Պատկան մարմինները վստահեցնում են, որ շուտով բուժկետը կսկսի գործել:

2019 թվականին «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Ախալքալաքի շրջանին հատկացվել է 922 000 լարի, որից Ալաթումանին է տրամադրվել 16 000 լարի։ Գյուղի մասնագետի և բնակիչների ընդհանուր որոշմամբ, ընտրել են լուծել գյուղի հրատապ հարցերից մեկը, որն էր բուժկետի կառուցումը, որպեսզի այստեղ պատվաստումներ կամ բժշկական առաջին օգնություն կարողանան ցուցաբերել։ Բայց բուժկետն իր նպատակին չի ծառայում:

pastar

Շենքը ոչ միայն կահավորված չէ, այստեղ չկա ոչ էլեկտրականություն, ոչ ջուր, ոչ բժշկական սարքավորումներ, և որ ամենակարևորն է՝ ոչ էլ բուժքույր։

Շենքում արդեն խոնավության հոտ է գալիս, այն կամաց-կամաց սկսում է փչանալ։ Սենյակում դրված միակ և հնամաշ սեղանի վրա կորոնավարակի մասին տեղեկատվական պաստառներ են։

senyak

Գյուղի նախկին մասնագետ (ներկա դրությամբ նրա պաշտոնավարման պայմանագիրը չի երկարացվել) Մակբեթ Տոնոյանն ասում է, իրենք դիմել են համապատասխան հաստատություններին, սպասում են պատասխանի:

«Ես բազմիցս դեմել եմ քաղաքապետարանին, անգամ Ախալցիխեի «Էվեքս» կլինիկայի գլխավոր բժշկին, քանի որ Թորոյանն (խմբ. Ախալքալաքի հիվանդանոցի մենեջերը) ասաց, որ նրանց է վերաբերում այդ հարցը, սակայն մինչև հիմա սպասում ենք, ասում են հաստիք չունենք: Այսքան տարի է սպասում ենք»։

shenq

Համայնքի վեց գյուղից միայն երեքն ունեն բուժքույր: Ինչպես նշում է Տոնոյանը, Բեժանո, Մոդեգամ և Ագանա գյուղերն ունեն բուժաշխատող, իսկ Ալաթումանը, Կաջոն և Սիրկվան՝ ոչ։

«Մենք, որ այս շենքը սարքեցինք, այդ ժողովի ժամանակ գյուղ եկած քաղաքապետի ներկայացուցիչներն ասացին, որ մինչև շենքի շինարարության աշխատանքներն ավարտվեն, իրենք հաստիք կբացեն: Բայց ինչպես տեսնում եք ոչինչ չկա, դիմում հա դիմում ենք»:

Ախալքալաքից 25 կմ հեռավորության վրա գտնվող գյուղի բնակիչները իրենց գյուղի բազմաթիվ խնդիրներից առաջնային են համարում բուժկետի գործելը։ Ալաթումանում 135 տուն կա:

Ալաթումանը մտնում է Կաջո գյուղի վարչական միավորի մեջ: Այս համայնքի քաղաքապետի ներկայացուցիչ Մարտիրոս Մարտիրոսյանն ասում է, որ կահավորանքն ու բժշկական սարքավորումները մոտ մեկ ամսում կլինեն:

«15-20 օրվա մեջ ամեն աշխատանք էլ կկատարվի,ամեն ինչ լավ կլինի, կբացենք ու կաշխատեն։ Ուզում ենք էլեկտրոնային մրցույթ հայտարարել, որպեսզի մնացած անավարտ գործերն ավարտին հասցնենք: Այդ ամենն ուզում ենք «Օգնություն գյուղի» ծրագրի շրջանակներում անել»:

Ալաթուման գյուղի բուժկետն արդյո՞ք կգործի մեկ ամիս անց, ցույց կտա ժամանակը:

Գայանե Ակոջյան