Ախալքալաքցի մարզիկները շարունակում են պայքարը 2023 թվականի Համահայկական խաղերի լավագույն հայ մարզիկի կոչման համար: Բազկամարտի արդյունքներով Ախալքալաքի թիմն արդեն ունի արծաթե մեդալ: Օգոստոսի 8-ին Արմեն Քևնաքսզյանը նվաճեց պատվավոր երկրորդ տեղը դժվարին պայքարում։
70-90 կգ քաշային կարգում Արմեն Քևնաքսզյանն նպատակասլաց կերպով հասավ եզրափակիչ, իսկ եզրափակիչ փուլում մենամարտեց աշխարհի, Եվրոպայի և AMC-ի չեմպիոն Արման Հովհաննիսյանի հետ։
«Շատ դժվար էր, քանի որ քաշի տարբերությունը պետք է լիներ 5 կգ, բայց այստեղ դա արեցին 20 կգ տարբերությամբ, իսկ մրցակիցներն ինձնից շատ ավելի ծանր էին, ինչը դժվարացնում էր, գումարած՝ կային եվրոպական ու աշխարհի չեմպիոններ, երկրորդ տեղը ևս վատ արդյունք չէ»,- ասում է Արմեն Քևնաքսզյանը։
Այս քաշային կարգում հանդես եկան 37 մարզիկներ ամբողջ աշխարհից։
Ախալքալաքի թիմը շարունակում է մասնակցել Համահայկական խաղերին։ Մարզիկները դուրս են մնացել լողի մրցումներից: Երեք շախմատիստ շարունակում են պայքարը: Հաղթանակի հույսով են նաև ֆուտբոլի, վոլեյբոլի, սեղանի թենիսի և վազքի թիմերը։
Այսօր Համահայկական խաղերում ելույթ են ունենում մեր շախմատիստներն ու ֆուտբոլի հավաքականը։