Բուլղարիայում մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մրցաշարի առաջին իսկ օրը Վրաստանի, մասնավորապես՝ ախալքալաքցի երկրպագուների ուշադրությունը կկենտրոնանա Գոռ Այվազյանի ելույթի վրա։
Վրաստանի հավաքականի կազմում հանդես եկող ախալքալաքցի բռնցքամարտիկի առաջին մրցակիցը կլինի Ֆրանսիայի ներկայացուցիչ Բիլալ Բենաման։ Մենամարտը կկայանա սեպտեմբերի 17-ին՝ առաջին մրցումային սեսիայի շրջանակում՝ A ռինգում։ Այվազյանը ծրագրում կանցկացնի վեցերորդ մենամարտը։ Սեսիայի մեկնարկը նախատեսված է Վրաստանի ժամանակով 14:30-ին։
Եվրոպայի առաջնությունում Վրաստանի հավաքականը կներկայացնի 10 մարզիկ՝ յոթ տղամարդ և երեք կին։
Տղամարդկանց կազմում հանդես կգան՝ Սախիլ Ալախվերդովը՝ մինչև 50 կգ, Գոռ Այվազյանը՝ մինչև 55 կգ, Գիորգի Կապանաձեն՝ մինչև 60 կգ, Լաշա Գագնիձեն՝ մինչև 65 կգ, Լուկա Մաչուտաձեն՝ մինչև 80 կգ, Գիորգի Կուշիտաշվիլին՝ մինչև 90 կգ և Նիկոլոզ Բեգաձեն՝ 90 կգ-ից բարձր քաշային կարգում։
Կանանց հավաքականը կներկայացնեն Նինո Չիտաձեն՝ մինչև 48 կգ, Լորենա Սուրմանիձեն՝ մինչև 65 կգ և Թաթիա Բուկիան՝ մինչև 80 կգ քաշային կարգերում։
Հավաքականի գլխավոր մարզիչը Բեժան Ճիճինավան է։ Մարզչական շտաբում են նաև Իլիա Տլաշաձեն և Թեմուր Օչիգավան։ Թիմի բուժսպասարկումն իրականացնում է բժիշկ Գիորգի Լիպարտիան։ Պատվիրակությունը գլխավորում է Բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի նախագահ Բեքա Լոբժանիձեն, իսկ գլխավոր քարտուղարը Դավիթ Ծիկլաուրին է։
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Սոֆիայում՝ սեպտեմբերի 15-26-ը։
Գոռ Այվազյանը Վրաստանի Ախալքալաք քաղաքից է և տեղական բռնցքամարտի դպրոցի սան։ Նրա մարզիչը Գագիկ Էլիզբարյանն է։ Այվազյանը Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն է և միջազգային մրցաշարերի հաղթող։ 2022 թվականին նա Սոֆիայում նվաճել է Եվրոպայի պատանեկան առաջնության ոսկե մեդալը, իսկ 2025 թվականին Բուդապեշտում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր։



