Օգոստոսի 1-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Քաղաքապետարանի դիրքորոշումը նրա աշխատանքի անարդյունավետությունն է, ծառայության նախկին պետն ինքը 4-5 ամիս առաջ հայց է ներկայացրել դատարան, որ իրեն աշխատանքից չազատեն։
Վալերի Ստելմաշովն իր պաշտոնանկությունն անօրինական է համարում: Նրա խոսքով՝ ինքը մի քանի ամիս առաջ դիմել է դատարան, երբ իրեն ասել են, որ պետք է հայտարարություն գրի ու իր կամքով հեռանա։ Նրա խոսքով՝ իրեն աշխատանքից ազատելու հիմքերից մեկը Ծառայության աշխատակցի դիմումն է հանդիսացել:
«Ես աշխատանքից չեմ հեռացել, ինձ աշխատանքից ազատել են: Պատճառն այն է, որ ես իրենց թիմում չեմ: Մինչ այժմ աշխատում էի, քանի որ դե չէին կարող անմիջապես ազատել աշխատանքից: Ես դիմել եմ դատարան, 4-5 ամիս է դատավարությունը շարունակվում է, դատը չի ավարտվել, նրանք ինձ արդեն ազատել են։ Մի տարի առաջ ինձ արդեն ասել էին, որ հեռանայի աշխատանքիցս, այդ ժամանակ ասել էին նաև Աբաջյան Ռուբիկին, Նահատակյան Ռաֆիկին… Նրանք իրենց կամքով դիմում էին գրել ու հեռացել, իսկ ես ասացի, որ չեմ գրելու: Նման օրենք չկա, որ թոշակառուներին հեռացնեն աշխատանքից: Եթե պատճառ փնտրել, աշխատակցուհին, ով նույնիսկ աշխատանքի չէր գալիս, դիմում է գրել, որ ես անընդհատ հոգեբանական ճնշում եմ գործադրել, վիրավորել եմ։ Ամբողջ Ախալքալաքը գիտի, որ ես կյանքում ոչ ոքի չեմ վիրավորել։ Փաստաբան եմ վարձել, դատավարությունն ընթանում է, տեսնենք ինչ կլինի»,- այսպես է մեկնաբանում Վալերի Ստելմաշովն իր պաշտոնից ազատումը։
Առայժմ Ծառայության ղեկավարի պարտականությունները կկատարի տեղակալներից մեկը՝ Օլիկո Մելիքիձեն։ Քաղաքապետարանը դեռ մրցույթ չի հայտարարել։
«Աշխատանքից ազատելու պաշտոնական պատճառն այն է, որ կոնկրետ տվյալ անձի աշխատանքն առաջ չի գնում, մենք բազմաթիվ խնդիրներ ենք ունեցել, որոնց հիման վրա տվյալ անձին տրվել է այս որոշումը, աշխատակցի վրա հոգեբանական ճնշում գործադրելու դեպքը աշխատանքից ազատվելու պատճառներից մեկն է։ Նրա փոխարեն նշանակում չկա: Ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել, որ աշխատանքները չդադարեն: Իհարկե, մրցույթ կհայտարարվի, մենք ժամանակ ունենք դրա համար»,- մեկնաբանեց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։
Վալերի Ստելմաշովը 72 տարեկան է: Ախալքալաքի մշակույթի ոլորտում աշխատել է 55 տարի, որից 53 տարին ղեկավար պաշտոններում։