Ախալքալաքի մունիցիպալիտետից, Հայաստանում կայանալիք 2023 թվականի Համահայկական խաղերին կմեկնի 57 մարզիկ, ովքեր հանդես կգան 8 մարզաձեւերում։ Ախալքալաքի ընդհանուր պատվիրակությունը բաղկացած է 65 հոգուց։

Համահայկական խաղերում Ախալքալաքը կմասնակցի հետևյալ մարզաձևերում.

  • վազք – 4 հոգի
  • բազկամարտ – 4 հոգի
  • լող – 6 հոգի
  • շախմատ – 7 հոգի
  • սեղանի թենիս – 5 հոգի (4 մարզիկ և 1 մարզիչ)
  • վոլեյբոլ – 11 հոգի
  • ֆուտբոլ – 20 հոգի

Հատուկ մարզահագուստը, որով հանդես կգան մարզիկները, ըստ մունիցիպալիտետի մշակույթի, սպորտի, կրթության, հուշարձանների պահպանության և երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովի, կհասնի վաղը։

Պատվիրակության կազմում ընդգրկված են այն մարզաձեւերի մարզիկները, որոնք համեմատաբար լավ են պատրաստված։

Վալերի Ստելմաշովի խոսքով, իրենք մարզիկներ են ընտրել այն թիմերից, որոնք մունիցիպալ առաջնությունում զբաղեցրել են առաջին տեղը։ Բայց մունիցիպալ մրցումում առաջին տեղը զբաղեցրած Դադեշ գյուղի վոլեյբոլի թիմը հրաժարվել է մեկնել, ստիպված են եղել նոր թիմ հավաքագրել։

«Մենք ընտրել ենք լավագույններին: Մեր մոտ վոլեյբոլիստներն էին կասկածի տակ, բայց հետո տարբեր գյուղերից խաղացողներ գտանք, թիմ կազմեցինք: Հուսով եմ հաջողության կհասնենք բազկամարտում, շախմատում… Օրինակ՝ բռնցքամարտը, կարատեն մեզ մոտ լավ զարգացած է, ունենք աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ, բայց այս մարզաձևերը Համահայկական խաղերի ցանկում չեն մտնում: Չնայած սպորտն այնպիսի բան է, որ հնարավոր չէ կանխատեսումներ անել»,- ասաց Վալերի Ստելմաշովը։

Համահայկական խաղերը կմեկնարկեն 2023 թվականի օգոստոսի 5-ին և կտևեն 15 օր։ Բացումը տեղի կունենա Գյումրի քաղաքում, մարզական մրցումները կանցկացվեն այլ քաղաքներում։