Ախալքալաք քաղաքի գրեթե բոլոր փողոցներում դժվարանցանելի փոսեր են առաջացել, այդպիսի փողոցներից է նաև Թբիլիսյանը։ Այս տարի փողոցն ասֆալտապատելու նախագիծ չկա, բայց փոսային աշխատանքներ կիրականացվեն։

Ջավախեթյան փողոցը քարուքանդ վիճակում է, այդ պատճառով, թե մարդատար, թե բեռնատար մեքենաները հիմնականում երթեւեկում են Թբիլիսյանով, որը նույնպես քանդվում է։

1

«Չգիտենք որտեղից անցնենք, Ջավախեթյանը քանդված է, գլխավոր փողոցում էլի ինչ-որ շինարարություն է կատարվում, այստեղ էլ քանդված է։ Կարծում եմ, խոսելն անիմաստ է, միևնույնն է, կուզեն կանեն, չեն ուզի չեն անի», – ասում է Վալոդյան։

Քաղաքապետարանից ասացին, որ այս տարի Թբիլիսյան փողոցն ամբողջական ասֆալտապատելու համար նախագիծ չկա։

«Հիմա մենք սկսել ենք տարբեր մասերում փոսային վերանորոգման աշխատանքներ իրականացնել։ Ինչպես գլխավոր փողոցում կատարեցինք փոսային աշխատանքներ, այսինքն՝ ավելի հիմքային։ Մեր տնտեսած գումարն ինչքան բավականացնի փոսային նորոգում կանենք։ Իրականում այդ ճանապարհը հիմքային նորոգման կարիք է զգում։ Մենք չենք կարող այդ փողոցը փակել, քանի որ Ջավախեթյանն է ասֆալտապատվում, իսկ բեռնատարներն այդ փողոցով են երթեւեկում», – ասում է քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

3

Թբիլիսյանի բնակիչները հաստատում են, որ իրենց փողոցը սկսվել է քանդվել, երբ բեռնատարների երթեւեկությունն այդտեղով շատացել է։