Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավորներն այսօր՝ հուլիսի 27-ին, լիագումար նիստում, ընթացիկ տարվա բյուջեում, հաստատեցին փոփոխություններ՝ 1 201 925 լարիի չափով։ Բացի այդ, հաստատեցին ամբուլատորիայի հանձնումը «Վրաստանի Բժշկական Հոլդինգ» ՍՊԸ-ին և գյուղական փողոցների համարակալումը։

Փոփոխությունների փաթեթից 1 164 925 լարի հատկացվել է ենթակառուցվածքային աշխատանքներին, 15 000 լարի ավելացվել է գործուղումային ծառայությունների համար, ևս 15 000 լարի հատկացվել է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցին բժիշկների ծառայությունների համար և 7000 լարի՝ ազգագրական թանգարանի համար։

Գումարը հատկացվել է հետևյալ ենթակառուցվածքային աշխատանքների համար.

1. Գոման-Օլավերդ ճանապարհի վերականգնման համար 957 932 լարի
2. Կոթելիա գյուղի մարզադաշտի վերականգնման համար 70 000 լարի
3. Կումուրդո (Գումբուրդո) գյուղի դպրոցի աստիճանների համար տրամադրվել է 25 000 լարի, ըստ նախագծային փաստաթղթերի՝ վերականգնման համար կպահանջվի 98 156 լարի, հավելյալ գումարը կազմում է 73 156 լարի։
4. Տուրցխ գյուղի երիտասարդական տան շենքի վերանորոգման համար բյուջեից հատկացվել է 30.000 լարի, ըստ նախագծային փաստաթղթերի, աշխատանքը կազմում է 50.024 լարի, հավելյալ գումարը՝ 20.024 լարի է։
5. 48813 լարի է հատկացվել Ախալքալաքի ծայրամասում՝ թիվ 5 հանրային դպրոցից (№ 54 հատված) ոչ հեռու գտնվող փողոցի վերականգնման համար։