Վերակազմակերպման գործընթացի շրջանակներում, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը իր հաստիքացուցակում և կառուցվածքում փոփոխություններ է կատարել։ Այդ փոփոխությունները վերաբերվում են բաժինների անվանափոխությանը, որոշակի հաստիքային միավորների վերաբաշխմանը և պաշտոնների կարգերի բարձրացմանը, ընդ որում աշխատակիցների ընդհանուր քանակը մնում է անփոփոխ։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի հաստիքացուցակում քաղաքապետի հրամանով կատարվել են փոփոխություններ։ Այդ փոփոխությունները կատարվել են Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի 2018 թվականի հունվարի 22-ի № 11 «Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշման մեջ։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կազմակերպչական բաժնի ղեկավար Վաչագան Ծորմուտյանի խոսքով, այժմ ամբողջ Վրաստանի քաղաքապետարաններում ընթանում է վերակազմակերպման գործընթաց։
Վերակազմակերպման գործընթացը սկսվել է, քանի որ մի շարք մունիցիպալիտետներում քաղաքապետարանի աշխատակիցների քանակը, բնակչության քանակի համեմատ չափազանց բարձր էր։ Սակայն, ըստ Ծորմուտյանի, Ախալքալաքի մունիցիպալիտետում աշխատողների թվի և բնակչության թվի հարաբերակցությունը նորմատիվ է, ուստի աշխատողների թիվը մնում է անփոփոխ։
Առաջին փոփոխությունը վերաբերում է Ախալքալաքի քաղաքապետարանի վարչակազմի Առողջապահության և սոցիալական օգնության բաժնին, այն կվերափոխվի նույնանուն ծառայության։ Սակայն հաստիքային աշխատողների թիվը կմնա անփոփոխ։
Երկրորդ փոփոխությունը վերաբերում է կազմակերպչական բաժնի անվանափոխությանը։ Այժմ, բաժինը վարչական ծառայության կազմում, կկոչվի Հասարակայնության հետ կապերի և կազմակերպչական հարցերի բաժին։
«Մենք նախարարությունից առաջարկություն ենք ստացել հանրությանը տեղեկատվություն տրամադրող հասարակայնության հետ կապերի բաժնի առկայության անհրաժեշտության մասին։ Քանի որ այս գործառույթն արդեն իսկ կազմակերպչական բաժնի պարտականությունների մեջ կար և կատարվում էր, փոխվում է միայն անվանումը», — ասաց Վաչագան Ծորմուտյանը։
Ինչպես նաև փոփոխություններ են եղել Ախալքալաքի քաղաքապետարանի վարչակազմի մի քանի բաժինների հանրային ծառայողների հաստիքային կարգերում։
Մշակույթի, սպորտի, կրթության, հուշարձանների պահպանության և երիտասարդության հարցերի բաժիններում երկու հաստիքի կարգ կբարձրանա՝ երրորդից՝ երկրորդ։ Ֆինանսական ծառայության մեկ հաստիք նույնպես կբարձրանա երկրորդ կարգից՝ առաջին կարգ։
«Այս պահին կոնկրետ թեկնածուներ չեն քննարկվում, մենք քննարկում ենք միայն հաստիքացուցակի փոփոխությունները: Վերակազմակերպման գործընթացը թույլ է տալիս աշխատակիցների կատեգորիաներում փոփոխություններ կատարել: Իհարկե, նման փոփոխություններն ազդում են նաև աշխատավարձերի վրա՝ դրանք բարձրանում են: Մենք աշխատավարձային ֆոնդում նախատեսել ենք անհրաժեշտ միջոցներ», — բացատրեց Վաչագան Ծորմուտյանը։
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է գնումների ծառայությանը՝ ավելացվում է մեկ հաստիքային միավոր։
Ծորմուտյանի խոսքով, գնումների ծառայության նոր պաշտոնը ստեղծվում է քաղաքային մասնագետի պաշտոնը փակելու հետևանքով: Որոշումը կայացվել է գնումների ծառայության պետի առաջարկությամբ, քանի որ այս ծառայությունում աշխատանքային ծանրաբեռնվածությունը զգալիորեն ավելացել է։
Ծորմուտյանը նշեց, որ քաղաքապետարանում թափուր աշխատատեղեր նույնպես կան, սակայն դրանք լրացնելու մրցույթը կհայտարարվի վերակազմակերպման գործընթացի ավարտից հետո։
Թափուր աշխատատեղեր կան վերահսկողության ծառայությունում, ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայությունում, վարչական ծառայությունում, նաև քաղաքապետի ներկայացուցիչների միջև։
Ախալքալաքի քաղաքապետարանի կազմակերպչական ծառայության պետի խոսքով, քաղաքապետարանի հաստիքային աշխատողների ընդհանուր թիվը կմնա անփոփոխ՝ 154։ Նրանցից 74-ը հաստիքային աշխատողներ են, 66-ը՝ վարչական պայմանագրերով աշխատողներ, իսկ 14-ը՝ աշխատանքային պայմանագրերով աշխատողներ։
Վարչական պայմանագրերով աշխատողները հիմնականում քաղաքապետի ներկայացուցիչներն են գյուղերում, իսկ աշխատանքային պայմանագրերով աշխատողները՝ վարորդները, տեխնիկական անձնակազմը և այլ աշխատակիցներ։



