Ռուսական «Յունիստրիմ» բանկը, որը համանուն վճարային համակարգի օպերատորն է, հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ, ինչի կապակցությամբ Վրաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Մոլդովայի և այլ երկրների մի շարք բանկեր դադարեցրել են աշխատանքը «Յունիստրիմ»-ի հետ։ Jnews-ը հետաքրքրվեց, թե արդյոք Ախալքալաքում շարունակում է գործել «Յունիստրիմ» վճարային համակարգը, ո՞ր բանկերում և դրանից բացի ինչ այլ վճարային համակարգեր են գործում։

Liberty Bank, Bank of Georgia, TBC Bank, Credo Bank և Rico բանկերի աշխատակիցների խոսքով՝ տվյալ բանկերում «Յունիստրիմով» փոխանցումներն արդեն 4-5 օր է չեն գործում, և դեռևս տեղեկություն չկա, որ այս վճարային համակարգը երբևէ կաշխատի։ Նրանք, ովքեր արդեն փոխանցումներ են արել, կարող են հետ վերցնել դրանք։ Վերը թվարկված բանկերում «Զոլոտայա Կորոնա» և «Կոնտակտ» վճարային համակարգերը գործում են սովորական ռեժիմով:

Նշենք, որ այս տարվա հունվար-հունիսին Վրաստանում «Յունիստրիմ» դրամական փոխանցումների վճարային համակարգի միջոցով ստացվել է ավելի քան 762 մլն ԱՄՆ դոլար, ամբողջ անցած տարվա կտրվածքով՝ ավելի քան մեկ միլիարդ դոլար։ Տեղեկությունը հրապարակված է Վրաստանի Ազգային բանկի կայքում։

2022 թվականին «Յունիստրիմ»-ին բաժին է ընկել Վրաստան կատարված բոլոր դրամական փոխանցումների մոտ 23%-ը, այս տարվա առաջին կիսամյակում այն դարձել է առաջատար փոխանցումների գծով՝ 32% մասնաբաժնով։

Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ դեպի երկիր փոխանցումների համար հանրաճանաչություն են վայելում նաև «Զոլոտայա Կորոնա» (ավելի քան $1,6 մլրդ 2022-2023 թվականներին) և Ria (915 մլն դոլար) համակարգերը։

2022 թվականի հունվարից մինչև 2023 թվականի հունիսը Վրաստանի ստացած 6,7 միլիարդ դոլարի մոտ 47 տոկոսը (3,192 միլիարդ դոլար) բաժին է ընկնում Ռուսաստանին: