Դույլերով ջուր, արևոտ և պայծառ եղանակ, ոգևորված և ուրախ մարդիկ․․․ այս ամենը նկարագրում է բոլորի կողմից սիրելի դարձած տոներից մեկի՝ Վարդավառի մասին:
Այսօր՝ հուլիսի 16-ին, Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին և Սուրբ Գևորգ եկեղեցիների բակում նշվեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ, ինչպես ժողովուրդն է ասում` Վարդավառի տոնը, որը նշանավորվում է նաև միմյանց ջրելու հաճելի ավանդույթով։ Ասում են՝ այս օրը ջրվելով բժշկվում են նույնիսկ վատառողջները։
Եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ, որից հետո սկսվեց արդեն իսկական ջրոցին։
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է: Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:
Սուրբ Էջմիածին և Սուրբ Գևորգ եկեղեցիների բակում տոնն ուղեկցվեց բարձր տրամադրությամբ և ուրախ հայկական երգերով, ներկաները շուրջպար բռնեցին և միասին նշեցին բոլորին արդեն սիրելի դարձած տոնը, գրավելով անցորդների ուշադրությունը։