Վրաստանի խորհրդարանի շենքի հարակից տարածքում բողոքի ակցիան շարունակվում է: Հանրահավաքի կազմակերպիչները նշում են, որ բողոքի ցույցը շարունակվելու է մինչև իրենց պահանջները բավարարված չլինեն:
Շարժման առաջնորդ Բեքա Ցիկարիշվիլին հայտարարել է, որ որոշումը կայացվել է իրավիճակի սրացումից խուսափելու համար:
«Մենք միասին պարում ենք և միասին պայքարում մեր ազատության համար». այսպիսի կարգախոսով մայիսի 12-ին ցերեկվա ժամը երեքից Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ մի քանի հազար երիտասարդներ էին հավաքվել, որոնք պահանջում էին վարչապետ Կվիրիկաշվիլիի և Ներքին գործերի նախարարի հրաժարականը:
Սա պատասխանն էր թմրանյութ վաճառողների և օգտագործողների բացահայտման ռեյդին, որը ոստիկանությունն իրականացրեց մայիսի լույս 12-ի գիշերը Թբիլիսիի մի քանի գիշերային ակումբներում:
Մայիսի 13-ին առավոտից Թբիլիսիի կենտրոնում լուռ է: Վրանները, որոնք նախօրեին տեղադրել էին ակցիայի մասնակիցները, քանդեց պարեկային ծառայությունը: Ոստիկանների հետ լեզվակռվի ժամանակ երեք մարդ է ձերբակալվել հասարակական կարգը խախտելու համար:
ՆԳՆ-ն հայտարարություն տարածեց, որում մասնավորապես նշված է. «երեք ամսվա ընթացքում ինտենսիվ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ են անցկացվել թմրանյութերի իրացման փաստերի հայտնաբերման ուղղությամբ» և «մայիսի 12-ին հատուկ գործողության ընթացքում Թբիլիսիի ակումբներում անհրաժեշտ քննչական գործողություններ են անցկացվել, որոնց արդյունքում ձերբակալվել է թմրանյութերի 8 իրացնող»:
Նախարարության գերատեսչությունը հակաթմրանյութային ռեյդը կապում է վերջին շրջանում երիտասարդների ողբերգական մահվան փաստերի հետ: Նշենք, որ 5 մարդ էր մահացել, և մոտ մեկ տասնյակ մարդ անհայտ թմրանյութ օգտագործելուց հետո ծանր թունավորումով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Բողոքի դուրս եկած ակտիվիստներն իշխանության գործողություններն «ուժի ցուցադրում», «մայրաքաղաքի ակումբային կյանքի դեմ պայքար» և «վերադարձ դեպի ԽՍՀՄ» են անվանում: Չնայած նրան, որ ՆԳՆ-ն հայտարարել է, որ աջակցում են Վրաստանում ակումբային մշակույթի զարգացմանը:
Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ արձագանքելով Թբիլիսիի գիշերային ակումբների շուրջ զարգացումներին նշել է. «Երբ կա կոնկրետ տեղեկատվություն կոնկրետ ակումբում կյանքին սպառնացող թմրամիջոցների տարածման հնարավորության մասին, այդ դեպքում ոստիկանությունը կարող է համապատասխան գործողություններ իրականացնել: Սովորական պրակտիկա է և տարբեր երկրների ակումբներում ևս հաճախ է լինում»:
Կոբախիձեն հարգալից է արտահայտվել Ռուսթավելի պողոտայում անցկացվող ցույցի մասնակիցների նկատմամբ՝ նշելով, որ իշխանությունների առաջնահերթ խնդիրն է երիտասարդներին ինքնորոշման միջոց տալը։
«Ինչ վերաբերում է երեկ և այսօր Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձություններին, ապա առաջին հերթին ասեմ, որ պետությունը և իրավապահ մարմինները գործառույթ ունեն և պահանջվում է կոնկրետ միջոցներ ձեռնարկել», – ասել է Կոբախիձեն:
Լուսանկարները՝ AliqMedia-ի